2021-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:
Հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ` ՀՀ կառավարության 24.12.2020թ. N2157-Ն որոշման համաձայն:
ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:
Կարծիքներ