2024 թվականը վերջին տարին է, որի ընթացքում կարելի է օգտվել եկամտահարկի վերադարձի մասին օրենքից՝ Երևան քաղաքում կառուցապատողից բնակարան ձեռք բերելու միջոցով․ Հովհաննես Բասենցյան
Հովհաննես Բասենցյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«2024 թվականը վերջին տարին է, որի ընթացքում կարելի է օգտվել եկամտահարկի վերադարձի մասին օրենքից՝ Երևան քաղաքում կառուցապատողից բնակարան ձեռք բերելու միջոցով:
Երբ 2016 թվականին օրենքը նոր էր ընդունվել, այս հնարավորության մասին գիտեին շատ քիչ մարդիկ, իսկ տեղեկացված մարդկանց շրջանում ծրագրի հանդեպ վստահության պակաս էր նկատվում: Հետագայում, տարեց տարի ավելի ու ավելի շատ մարդիկ տեղեկացան այս հնարավորության մասին, բանկերի և անշարժ գույքի ընկերությունների ջանքերով բարձրացավ թե վստահությունը ծրագրի նկատմամբ, թե ֆինանսական կրթվածության մակարդակը:
Չնայած տարիներ շարունակ օրենքի կիրառմանը՝ մինչ օրս հաճախ եմ նկատում, որ ընկերներիս և ծանոթներիս շրջանում շատերը լիարժեք տեղեկացված չեն այս հնարավորության մասին և դեռ չեն հասցրել օգտվել ծրագրից: Այսպիսով՝ ևս մեկ անգամ ներկայացնում եմ եկամտահարկի վերադարձի մասին օրենքը:
Նախ հիշեցնեմ, որ յուրաքանչյուր աշխատակից իր աշխատավարձից հարկ է վճարում պետությանը: Հիմնականում սա անում է գործատուն, ուստի շատերը չգիտեն, թե որքան հարկ են վճարում. այս հարկը կազմում է գրանցված աշխատավարձի շուրջ 20%-ը: Օրինակ 500 000 դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին վճարում է մոտ 140 000 դրամ եկամտահարկ, իսկ 1 000 000 աշխատավարձ ստացողը՝ 280 000:
Այս եկամտահարկը, որը մենք վճարում ենք պարտադիր աշխատավարձի հետ, այլ կերպ օգտագործելու ճանապարհ չունենք՝ բացի հիպոտեկի պայմանագրով կառուցապատողից բնակարան ձեռք բերելուց: Այս պարագայում հիպոտեկի տոկոսագումարի մասը վճարվում է հենց եկամտահարկով: Փաստացի ստացվում է, որ կարող եք 20 տարի միայն մայր գումար վճարելով ձեռք բերել բնակարան, որի արժեքը նաև կապիտալիզացվելու է այդ 20 տարիների ընթացքում:
Այնպես որ, եթե դեռ չեք հասցրել գնել բնակարան և օգտվել եկամտահարկի վերադարձի մասին օրենքից, ապա շտապեք ներառել այն ձեր այս տարվա նպատակների մեջ:
Մնաց 11 ամիս...»:
Կարծիքներ