Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների, սակայն Ադրբեջանից արձագանք դեռ չկա․ փոխարտգործնախարար

Հայաստանն արդեն հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ սկսել բանակցություններ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի կազմակերպման շուրջ, սակայն պաշտոնական արձագանք Բաքվից դեռևս չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Ցավոք, անցյալ փորձից էլ պետք է ասեմ, որ երբ մենք մեկ քայլ առաջ ենք գնում, հակառակ կողմից հաճախ հաջորդում են բարդացումներ, սադրանքներ, երբեմն նույնիսկ երկու քայլ հետ։ Սա նոր գործելաոճ չէ։ Մյուս կողմից՝ դիտարկենք միջազգային արձագանքները․ 58 երկիր և շուրջ տասը միջազգային կազմակերպություն արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Շատերն ընդգծել են հենց Հայաստանի կարևոր դերը այս գործընթացում»,-նշեց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանն արդեն հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ սկսել քննարկումներ ստորագրման ժամկետների, վայրի և տեխնիկական հարցերի շուրջ։
«Այդ հայտարարությանը դեռևս արձագանք չկա, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք նոր են արվել և անմիջապես բարդ էր պատկերացնել ակտիվ գործողություններ։ Շարունակում ենք խաղաղության օրակարգը, շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ միջազգային ասպասարեզում այդ ուղղությամբ»,-ասաց փոխնախարարը։
Կարծիքներ