Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների վիճակի մեջ կա դրական դինամիկա. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի բժիշկ-մասնագետներն այցելել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում նախորդ օրը հոսպիտալացված Վանաձորի բնակիչներին։
Թունավորման հավանական պատճառը տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղենն է։ Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության, կա դրական դինամիկա։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է.
Սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է պահպանել սննդի պատրաստման և պահպանման սանիտարահիգիենիկ պահանջները.
☑️ Մաքուր պահել ձեռքերը և սննդի պատրաստման համար հատկացված տարածքը
☑️ Առանձնացնել հում սնունդը եփածից
☑️ Լավ եփել, պահպանել մանրէների ոչնչացման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմը
☑️ Սնունդը պահել անվտանգ ջերմաստիճանում
☑️ Պիտանելիության ժամկետն անց սնունդ չօգտագործել
☑️ Օգտագործել անվտանգ հումք և ջուր
☑️ Կրեմային հրուշակեղեն պատրաստելիս նախօրոք լավ լվանալ հավկիթը։
Կարծիքներ