Մարտի 8-ը պետք է նաև հանրային համերաշխության օր լինի․ վարչապետի ուղերձը

Մարտի 8-ը պետք է նաև հանրային համերաշխության օր լինի․ վարչապետի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով

Սիրելի՛ կանայք՝ տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր,

Շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով: Այս օրը Հայաստանում գարնան ավետաբեր է. մարտի 8-ին մեր երկիրը հեղեղվում է ծաղիկներով ու տոնական տրամադրությամբ:

Մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաեւ նրանով, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, եւ հետեւաբար, կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարեւորագույն գրավականն է: Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է:

Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երեւույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ եւ մարտահրավերներ: Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետեւողական ներդրման հետեւանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացած կրթության եւ աշխատանքի վրա՝ ձեռք բերելով մրցակցային առավելություններ, եւ առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու:

Բայց կանանց ներուժի ներգրավումը՝ որպես մեր պետության զարգացման կարեւորագույն գործոն, իրապես արդյունավետ կլինի, եթե տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրավված ու մրցունակ լինեն, եւ ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում՝ մայրերին ու հայրերին, որ մենք տղաների կրթության ու մրցակցայնության հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում:

 

Հանրային, տնտեսական կյանքում կանանց ակտիվացումն իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր. երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալ» եւ սա նույնպես խնդիր է, որ պիտի լինի մեր ուշադրության եւ խորհրդածությունների կենտրոնում:

 

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

 

Մարտի 8-ը պետք է նաեւ հանրային համերաշխության օր լինի եւ ավելի ու ավելի է դառնում այդպիսին: Սեռային մրցակցության կամ պայքարի, կամ գերակայության մշակույթը հին է եւ անկենսունակ: Հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի է ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում եւ սա քաջալերող է:

 

Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները: Ի վերջո, մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը:

Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրերին ու դուստրերին մարտի 8-ի առիթով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում