Աշխարհի շուրջ 1 միլիոն կանանց ձեռներեցությանն աջակցելու նախաձեռնությանը կներգրավվեն նաև հայ կանայք
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կհամագործակցի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի տիկնոջ Թոնի Բլերի հիմնադրամի հետ․ աշխարհի շուրջ 1 միլիոն կանանց ձեռներեցությանն աջակցելու նախաձեռնությանը կներգրավվեն նաև հայ կանայք։
Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի տիկնոջ՝ Շերի Բլերի հետ, որը ղեկավարում է Կանանց հիմնադրամը։
Ինչպես տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, գենդերային քաղաքականության, կանանց տնտեսական զորեղացման ու վերջիններիս կայուն զբաղվածության ապահովման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայություններին առնչվող մի շարք հարցեր։
Որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական գերատեսչության ղեկավար՝ նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է կնոջ դերի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս համատեքստում ներկայացրել է նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ ջանքերով իրականացված «Պլատֆորմ #5» հարթակի, Աքսելերատոր և Պրե-աքսելերատոր ծրագրերի մանրամասներն ու արձանագրված արդյունքները․ երևանաբնակ և մարզաբնակ կանանց հնարավորություն է տրվել դասընթացների միջոցով զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտություններն ու իրագործել բիզնես գաղափարներ: Շուրջ 1400 կին մասնակցել է թվային մարքեթինգի դասընթացների և կատարելագործել իրենց հմտությունները։
Շերի Բլերն անդրադարձել է իր ղեկավարած հիմնադրամի գործունեությանը, իրականացված քարոզարշավներին, որոնց շրջանակում աշխարհի բազմաթիվ կանայք ստացել են ձեռներեցության և բիզնես գաղափարների իրագործման գիտելիքներ, զարգացրել իրենց կարողությունները։ Հիմնադրամի շնորհիվ 2008 թվականից սկսած աշխարհի հարյուրից ավելի երկրում ձեռներեցությամբ է զբաղվել շուրջ 230.000 կին։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը ևս մեկ քարոզարշավի իրականացում՝ ներգրավելով շուրջ մեկ միլիոն կանանց։
Նախարար Նարեկ Մկրտչյանն պատրաստակամություն է հայտնել միանալ այդ նախաձեռնությանը և Հայաստանում ևս իրագործել այդ ծրագիրը՝ ընդգծելով կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում համատեղ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը, որոնք կարող են առանցքային հարթակներ լինել վերջիններիս ինքնազարգացման ու ինքնադրսևորման համար։
Երկուստեք շեշտվել է համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացման կարևորությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության հուշագիր։
Կարծիքներ