Մաղթում եմ, որ Սահմանադրությունն իրապես կարևորվի մեր քաղաքացիների կողմից, դառնա սեղանի գիրք. ԱԺ նախագահի ուղերձը
Մաղթում եմ, որ Սահմանադրությունն իրապես կարևորվի մեր քաղաքացիների կողմից, դառնա սեղանի գիրք՝ կոտրելով մտայնությունը, որ այն հասնելի է միայն հատուկ մասնագետներին։ Այդ մասին նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձում՝ նվիրված Սահմանադրության օրվան:
«Մեր Հանրապետությունն առաջ է ընթանում ժողովրդավարական ուղիով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ և դիմակայելով անսպասելի արգելքների։ Մենք հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում և գիտակցում ենք դրան հասնելու բարդությունները։
Տարիներ առաջ մեր ժողովուրդը, ի թիվս այլ հիմնարար սկզբունքների, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հիմքում է դրել քաղաքացիական համերաշխությունը և համամարդկային արժեքներին հավատարմությունը:
Իհարկե, սահմանադրորեն արձանագրված մի շարք հոդվածների իրականացման հարցում անելիքները շատ են, և իշխանության բոլոր ճյուղերի աշխատանքն ուղղված է բարեփոխումների իրականացմանը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որ Սահմանադրությունն իրապես կարևորվի մեր քաղաքացիների կողմից, դառնա սեղանի գիրք՝ կոտրելով մտայնությունը, որ այն հասնելի է միայն հատուկ մասնագետներին։ Այս դեպքում թերևս ժողովրդավարությունն ավելի կմոտեցնենք մեզ՝ ստեղծելով քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ հասարակություն»,- նշված է ուղերձում։
Կարծիքներ