Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 31 միլիոնը, զոհերի թիվը՝ 961 հազարը, բուժվել է ավելի քան 21,2 միլիոն մարդ
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 31 միլիոնը, զոհերի թիվը՝ 961 հազարը, բուժվել է ավելի քան 21,2 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Եվրոպական երկրներում նոր դեպքերի թիվը շարունակում է աճել:
Կորոնավիրուսային հիվանդության բարդություններից երեկ մահացել է Գերմանիայում բուժում ստացող Ուզբեկստանի փոխվարչապետ Ուկտամ Բարնոևը: Հայտնի է, որ նա ավելի քան մեկուկես ամիս բուժվում էր COVID-19-ից:
Մադրիդի հարավային արվարձաններում հազարավոր բնակիչներ բողոքում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում իշխանությունների հայտարարած սահմանափակումների դեմ: Այսօրվանից COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող 37 տարածքներում խիստ սահմանափակումներ են գործելու: Այդ տարածքների բնակիչներին արգելվում է լքել դրանք, բացառությամբ արտակարգ դեպքերի ՝ բժշկական խորհրդատվություն, աշխատանքի կամ ուսման հետ կապված պայմանագրային պարտավորություններ, տարեց հարազատների խնամք: Այս քայլը կանդրադառնա տարածաշրջանի բնակչության 13 տոկոսի, այսինքն ՝ շուրջ 850 հազար մարդու վրա:
Կարծիքներ