Չնայած փրկարարական ուժերի հերոսական ու կոմպետենտ աշխատանքին՝ կային մի շարք բացեր, որոնք պետք է լուծվեն. Իոաննիսյան

««Սուրմալուի» փրկարարական օպերացիայի ժամանակ ի հայտ եկած խնդիրները չտեսնելու տալով Փրկարար ծառայությանը օգնած չենք լինի»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ չնայած փրկարարական ուժերի հերոսական ու կոմպետենտ աշխատանքին, այնուամենայնիվ կային մի շարք բացեր, որոնք պետք է լուծվեն` հետագայում փրկարարների աշխատանքը ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնելու համար։
«Այսպիսով`
1. Փրկարար ծառայությունը չունի ուղղաթիռ, որի օդաչուն հենց նեղ մասնագիտացած կլինի բարդ պայմաններում փրկարարներին ու հրշեջներին աջակցելու համար։
2. Փրկարար ծառայությունը չունի ծանր վերամբարձ կռունկ կամ մասնավոր կռունկի օպերատիվ ներգրավման պլան։ Ակնհայտ է նաև մեծ շինությունների փլատակների ազատման այլ տեխնիկայի ու սարքավորումների դեֆիցիտը։
3. Փրկարար-պարամեդիկները դեպքի վայր են հասնում շտապ օգնությունից շատ ավելի ուշ, իսկ շտապ օգնության անձնակազմը չի կարող շատ մոտենալ հրդեհի վայր, քանի որ չունեն ծխի մեջ աշխատելու համապատասխան հանդերձանք։
4. Փրկարար ծառայությունը չունի ծխային ու հրդեհային պայմաններում փլատակների տակ մարդկանց որոնելու մի շարք ժամանակակից տեխնիկական միջոցներ։
5. Փրկարարների ու կամավորների համագործակցությունը ինստիտուցիոնալիզացված չի։ Փրկարարներին օգնել ցանկացողներից շատերը գաղափար չունեին անելիքներից և չէին տիրապետում անվտանգության կանոններին։
6. Փրկարար ծառայությունը չունի սեփական կարիքների համար մարտական պայմաններում սնունդ և ջուր մատակարարող թիկունք կամ դրա կազմակերպման սխեմա։
7. Ոստիկանությունը գաղափար չունի, թե ինչպես պետք է աշխատի նման իրավիճակներում։ Փրկարար ծառայության և ոստիկանության համագործակցությունը շատ վատ մակարդակի է»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը, նախնական տվյալներով, կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել են եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի:
Տարբեր վնասվածքներով Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի։
Կարծիքներ