Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը վերանորոգվում է կառավարության աջակցությամբ
ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում շարունակվում են «Մայր Հայաստան» հուշահամալիրի սանդղաջրվեժի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինաշխատանքները: Շինարարության մեկնարկը տրվել է անցած տարվա սեպտեմբեր ամսին, freenews.am- ի հետ զրույցում փաստեց Գյումրի համայնքի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը: Նրա հավաստմամբ՝ աշխատանքների արդյունքում ի հայտ են եկել նաև այլ խնդիրներ, որոնց արդյունքում ծրագրում կատրվել է վերահաշվարկ, մոտավորապես 7-8 մլն դրամ դարձյալ ներդրվեց համայնքի բյուջեից շինաշխատանքներն ավարտուն տեսքի բերելու համար: Կառուցապատող ընկերությունը, ըստ պաշտոնյայի, խոստացել է այս տարվա օգոստոսի մեկին ավարտին հասցնել շինարարական աշխատանքները: Ըստ Կնյազ Մանասյանի՝ այս աշխատանքների իրականացմանը համայնքը երկար տարիներ էր սպասել, քանի որ քաղաքի այցեքարտերից մեկն համարվող այս հուշահամալիրը մեծ վնասներ էր կրել ավերիչ երկրաշարժի ժամանակ և մինչ օրս կապիտալ ոչ մի շինաշխատանք չէր իրականացվել: Իսկ այժմ փոխվել են տարածքի բազալտե քարերը, հուշարձանի պատվանդանի հարակից սալաքարերը, տեղադրվել է անհայտ զինվորի հուշարձանի աստղը, և այլն: Շինաշխատանքների համար նախատեսված 51 միլիոն դրամ գումարից կառավարությունը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տրամադրել է արժեքի 55 %-ը, իսկ 45%-ը հատկացվել է համայնքի բյուջեից: Վերջերս Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը եղել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին: Հիշեցնենք Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը կառուցվել է 1975 թ. Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակի առթիվ: Հուշարձանի հեղինակներն են ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանն ու վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը:
Կարծիքներ