Մաքսատուրքի զրոյացումը կարող է դուրս մղել հայկական ադամանդը ԵԱՏՄ շուկայից. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ԵԱՏՄ ներմուծվող թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի նկատմամբ զրոյական մաքսատուրք սահմանելու առաջարկին,որը քննարկվել ու հաստատվել է Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի կողմից, համաձայնություն են տվել կառույցի անդամ բոլոր երկրները՝ բացի Հայաստանից:
Հայաստանի համար, այս պահին, երրորդ երկրներից քարերի ներմուծման մաքսատուրքը կազմում է 3%, իսկ ԵԱՏՄ անդամ մնացյալ երկրները թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը ներմուծում են՝ վճարելով 10-ը%: Մաքսատուրքի այդ չափը սահմանվել է ԵԱՏՄ-ի կողմից որպես հարկային արտոնություն Հայաստանին և այն պետք է բարձրանար աստիճանաբար ՝ 2020-ին դառնալով 6%, իսկ 2022-ին արդեն՝ 10-ը տոկոս, սակայն, ԵԱՏՄ կոլեգիայի 62-րդ որոշման արդյունքում, այս տարվա երկրորդ կեսի կտրվածքով այն չի ենթարկել փոփոխության ՝ մնալով 3 %:
Ադամանդագործության ոլորտի հայ գործարարները դեմ են մաքսատուրքի զրոյացմանը, քանի որ, ըստ նրանց, ընձեռնված հարկային արտոնությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում գործունեություն ծավալել մրցակցային բարենպաստ պայմաններում, որի արդյունքում այս պահին ոլորտում զգալի առաջխաղացում կա՝ արտադրական ծավալները գնալով ավելանում են, սակայն, եթե ադամանդի մաքսատուրքը զրոյացվի, հայ արտադրողները հնդիկների հետ մրցակցել չեն կարող ու փակման եզրին կհայտնվեն մի շարք գործարաններ: Հնդկական ադամանդի ինքնարժեքը համեմատաբար ցածր է և այն միանգամից կողողի ԵԱՏՄ շուկան, համոզմունք են հայտնում հայ գործարարները:
Մեկնաբանելով խնդիրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ևս փաստեց, որ մաքսատուրքի զրոյացումը կարող է հանգեցնել երրորդ երկրներից՝ մասնավորապես Հնդկաստանից Միության տարածք ներմուծված ադամանդների մասնաբաժնի ավելացմանը, որը կնվազեցնի հայկական արտադրանքի մուտքը շուկա, իսկ դա էլ իր հերթին կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի ադամանդագործության զարգացման վրա և դուրս մղել հայկական արտադրանքը ԵԱՏՄ շուկայից:
Ռուսաստանը ադամանդի հանքարդյունաբերություն ունեցող աշխարհի առաջատար երկրներից մեկն է, որը, սակայն, սեփական շուկայի պահանջարկը պատրաստի ադամանդի նկատմամբ բավարարում է առավելապես ներմուծմամբ: Ռուսաստանում հիմնականում արտադրվում են խոշոր չափի ադամանդներ, իսկ ԵԱՏՄ շուկայում ընդանուր առմամբ մեծ է պահանջարկը 0,3 չափի ադամանդների նկատմամբ: Դրանք ոսկյա զարդերի վրա տեղադրվող փոքր չափի քարերն են, որոնց արտադրության համաշխարհային խոշոր կենտրոններից մեկը համարվում է Հնդկաստանը:
Հայաստանի և Բելառուսի ադամանդ մշակող ընկերություններն ապահովում են ԵԱՏՄ շուկայում 0,3 չափի ադամանդների տարեկան պահանջարկի համապատասխանաբար՝ 63 և 17 տոկոսը, մնացյալը ներմուծվում է երրորդ երկրներից և չնայած այն բանին, որ զրոյական մաքսատուրք սահմանելու առաջարկությունը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մեկնաբանության, ռուսական կողմը հիմնավորել է ԵԱՏՄ շուկայում այդ չափի ադամանդի ոչ բավարար քանակով, միևնույն է, հայկական կողմը վստահեցնում է, որ հայ արտադրողները ի վիճակի են բավարարել մինչև 0․3 կարատ ադամանդների ԵԱՏՄ շուկայի ամբողջ պահանջարկը:
«Հայկական ընկերությունները ի վիճակի են բավարարել մինչև 0․3 կարատ ադամանդների ԵԱՏՄ ամբողջ պահանջարկը, հաշվի առնելով այն փաստը, որ մեծաքանակ ներդրումների արդյունքում արագ տեմպերով զարգացել են ալմաստի մշակման հայկական ընկերությունները, որոնք զինված են նիստավորման ժամանակակից ավտոմատ հաստոցներով և սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում բարձր արտադրողականության և արտադրական գործընթացների ավտոմատացման շնորհիվ՝ էականորեն ավելացնել թողարկվող արտադրանքի ծավալը»,-ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանում։
Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի ներքին շուկաների գործարկման դեպարտամենտում խորհրդական Մարիա Իլինայի մեկնաբանությամբ, դեռ 2018 թվականից են աշխատանքներ ընթանում Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծման ուղղությամբ, որը հնարավորություն կտա համախմբել Միության տարածքում առկա ոսկերչության արտադրական պոտենցիալը և դարձնել տեղական արտադրանքը առավել մրցունակ արտասահմանյան շուկաներում:
«Տարեվերջին Միության անդամ երկրների վարչապետների մակարդակով հաստատվեց միջոցառումների նախագիծ, համաձայն որի պետք է աշխատանքներ ծավալել, որպեսզի եվրասիական ոսկերչական բրենդը արտաքին շուկայում հնարավորինս ներկայացված և ճանաչելի դառնա: Մաքսատուրքերի վերանայման հարցը այդ նախագծի մաս է կազմում, որը նպատակ ունի առողջ մրցակցային պայմաններ ապահովվել Միության ոսկերչական արտադրության ոլորտում: Պետք է նշեմ, որ հայկական կողմը ընդանուր առմամբ դեմ չէ մաքսատուրքի զրոյացմանը որոշ տեսակի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի նկատմամբ և ծագած անհամաձայնությունը վերաբերում է հատկապես 0,3 չափի քարերի մաքսատուրքին: Ներմուծման մաքսատուրքի պատճառով ավելանում է այդ չափի քարերի ինքնարժեքը, որն էլ իր հերթին, բնականաբար, ազդում է ոսկերչական իրերի գնի վրա, դարձնելով դրանք ավելի թանկ ու ոչ մրցունակ արտաքին, ինչպես նաև ներքին շուկաներում՝ արդյունքում մենք ունենում ենք իրավիճակ, երբ ոսկերչական իրեր ներմուծելը դառնում է ավելի ձեռնտու, քան դրանք մեզ մոտ արտադրելը, ինչը, իհարկե, բացասական է անդրադառնում տեղական արտադրության վրա: Դրանում կարող եք համոզվել վիճակագրական թվերը ստուգելով՝ ոսկերչական իրերի ներմուծումը Միության տարածք երրորդ երկրներից մոտ 4 անգամ ավելի է, քան՝ արտահանումը և այդ ապրանքը հիմանականում գալիս է Թուրքիայից, Չինաստանից և Թայլանդից»,- մեկնաբանեց Մ. Իլինան:
Այս մոտեցման հետ, սակայն, համամիտ չեն ադամանդագործության ոլորտի հայ գործարարները: Ադամանդի արտադրությամբ զբաղվող «ԷՅ. ԴԻ. ԷՄ. Դայմոնդս» ընկերության տնօրեն Արտակ Բաղինյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ 2015 թվականից սկսած հայկական ադամանդագործության ոլորտում ընդանուր առմամբ մոտ 10-ը միլիոն դոլարի ներդրումներ են կատարվել, ձեռք են բերվել սարքավորումներ, բացվել են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գործարաններ և այդ ամենը՝ հաշվի առնելով հարկային այն առավելությունները, որոնք տրվել են Հայաստանին:
«Մենք առաջարկում ենք, որ ոչ թե զրոյացվի, այլ մաքսատուրքի հավասար չափ գործի բոլոր երկրների համար: Այ դա կստեղծի առողջ մրցակցային շուկա: Մենք մեր առաջարկը ներկայացրել ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և հայտնել, որ պատրաստ ենք մաքսատուրքի հավասարեցմանը, բայց ոչ զրոյացմանը: Թող բոլորի համար այն կազմի 10-ը տոկոս»,- ասաց Բաղինյանը:
«Հայաստանի ոսկեգործների և ադամանդ մշակողների միության» նախագահ Էմիլ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մաքսատուքի զրոյացման առաջարկը ոչ շուկայական տրամաբանության արդյունք է: Բիզնեսը ամբողջ աշխարհում ենթադրում է ճկուն հարկային քաղաքականություն՝ օրենքի շրջանակներում:
«Մաքսատուրքի զրոյացման առաջարկը քննարկող առաջին տեսակոնֆերանսի մասնակիցներից մեկը եղել եմ ես: Ես հայտնեցի իմ անհամաձայնությունը խնդրին, որին միացավ նաև Բելառուսի ներկայացուցիչը, բայց, չգիտես ինչու, հաջորդ խորհրդակցության ժամանակ բոլոր կողմերը համաձայնեցին այդ առաջարկին՝ բացի մեզանից: Ես ուղարկել եմ իրենց իմ մոտեցումը այդ խնդրին, որտեղ նշել եմ, որ կարելի է չփոխել մաքսատուրքը: Դրա փոխարեն պետք է Միության տարածքում զբաղվել արտադրությունների հզորացմամբ: Կենտրոնացնել ռուսական հումքը, որը արտահանվում է Հնդկաստան և թող բոլոր երկրները երկու տարվա ընթացքում հզորացնեն իրենց արտադրությունը, որից հետո նոր կվերադառնանք հարկային արտոնությունների քննարկմանը: Ռուսական «АЛРОСА» -ն էլ (Ռուսաստանում ալամաստի հանածոյի 95%-ից ավելին բաժին է ընկնում«АЛРОСА»-ին – հեղ.) համաձայն չէ մաքսատուրքի զրոյացմանը, քանի որ սեփական արտադրական ձեռնարկությունների հզորացմամբ է զբաղված: Եթե մաքսատուրքերը հավասարվեն կամ զրոյանան, միևնույն է, ապրանքի ինքնարժեքը կթանկանա»,- ասաց Գրիգորյանը:
«Շողակն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Իսայանը, նույնպես համամիտ է իր գործընկերների հետ այն հարցում, որ Հնդկաստանից կամ այլ երրորդ երկրներից ներմուծվող ադամանդը մաքասատուրքի զրոյացման պարագայում մրցակցության խնդիր է ստեղծելու ԵԱՏՄ շուկայում, քանի որ ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում արդեն կայացած է թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտադրությունը՝ շնորհիվ տարիներ շարունակ կատարված ներդրումների և իհարկե, պետության կողմից տրվող աջակցության:
Ինչ վերաբերում է հնդկական քարերի ցածր գնին, որը անընդմեջ մատնանշվում է նշյալ խնդրի քննարկման մեջ, ապա Իսայանը վստահեցրեց, որ ցածր գին ունեն որակով ոչ այնքան բարձր՝ «շիռպոտրեբ» ադամանդները և Հնդկաստանում էլ արտադրվում են բարձր որակ ունեցող թանկարժեք քարեր, որոնք վաճառվում են համապատասխանաբար բարձր գնով: Այնպես որ մասնագիտական շրջանակներում, ի տարբերություն հասարակ սպառողների, շատ լավ գիտեն քարերի գնահատման չափանիշներն ու խնդրին առընչվող նրբությունները:
«Ես համաձայն եմ, որ մաքսատուրքը լինի հավասար, այսինքն 10-ը% դառնա բոլորի համար: Ես կոնկրետ տեղյակ չեմ, սակայն, եթե իրոք կան մարդիկ, որոնք՝ մեր ռուս գործընկերների պնդմամբ ադամանդի վերաարտահանմամբ են զբաղվում, մաքսատուրքերի հավասարեցման արդյունքում դուրս կմնան շուկայից: Խնդիրը, սակայն, բազմաշերտ է, բայց չգիտես ինչու այն խորությամբ չի քննարկվում: Օրինակ, գոյություն ունեն քարեր, որոնք միջազգային գնահատման չափանիշներով հումք չեն համարվում, բայց դեռ վերջնական մշակված ադամանդներ էլ չեն: Եթե դրանք ներմուծվում են, մշակվում և արտահանվում, դա նունպե՞ս դիտարկվում է վերարատահանում: Ի դեպ, մաքսատուրքի զրոյացում ի վնաս է լինելու ոչ միայն հայ, այլ նաև ռուս և ընդանրապես ոլորտի բոլոր արտադրողների համար: Մաքսատուրքը զրոյացնելու փոխարեն, կարելի էր ԵԱՏՄ տարածքի ոսկերիչների, քարերի արդյունաբերությամբ և արտադրությամբ զբաղվողների հետ հավաքվել ու մշակել բոլոր կողմերի շահերից բխող մոտեցում, որը թափ կհաղորդեր ոլորտի զարգացմանը Միության տարածքում, իսկ հիմա ստացվում է, որ ինչ-ինչ անհատական շահերի պատճառով, մենք կոպիտ ասած, կոտրելու ենք տեղական արտադրության ոտքերը», - եզրափակեց «Շողակնի» տնօրենը:
«Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի» միության նախագահ Էդուարդ Ուտկինը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը հումք արտադրող գերտերություն է և նախընտրում է հումքային արտահանում ոչ միայն ադամանդի, այլ նաև նավթի, փայտի և այլ ապրանքների առումով: Ըստ նրա, գործարարների կողմից չկա բավարար հետաքրքրվածություն այդ ոլորտում ներդրումներ կատարելու և ադամանդի տեղական հումքի վերամշակմամբ զբաղվելու համար, քանի որ դա 30%-ով կավելացնի ապրանքի արժեքը: Ըստ Ուտկինի, Հնդկաստանից ներմուծելը առավել ձեռնտու է ոսկերչական ընկերություններին, քանի որ հնդկական ադամանդի ինքնարժեքը համեմատաբար էժան է:
Հարցին, թե ի՞նչու է ռուս ոսկերչական համայնքը կողմ ադամանդի մաքսատուրքի զրոյացմանը, Էդուարդ Ուտկինը պատասխանեց, որ ռուս գործարարները մաքսատուրքի պատճառով անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել: Թուրքիան, Իսրաելը, Չինաստանը, նրա բացատրությամբ, քարերը իրենց շուկա են ներմուծում զրո տոկոս մաքսատուրքով, իսկ ԵԱՏՄ երկրները, բացի Հայաստանից, ստիպված են վճարել 10-ը տոկոս հարկ, որը մաքսակետերում որոշակի էտապներ անցնելուց հետո, հավասարվում է 15%-ի, ինչն էլ բնականաբար, ավելացնում է երկիր մտնող ապրանքի ինքնարժեքը:
«Մենք վերցրել ենք վիճակագրության տվյալները և տեսել, որ 2018 թվականին Հայաստանը արտադրել է 50 000 կարատ ադամանդ, իսկ Ռուսաստան ներմուծել է 156 000 կարատ՝ երեք անգամ ավելի: Ո՞րտեղից են այդ քարերը ի հայտ եկել հարցին հայ արտադրողները ոչ մի կերպ պատասխանել չեն կարողանում: Եթե ձեր արտադրած քարերի ինքնարժեքը 920 դոլար է մեկ կարատի համար և արտադրությունը տարվա կտրվածքով 50 000 կարատ է, իսկ դուք Ռուսաստան եք ներմուծել 156 000 կարատ՝ 360 դոլարով, ի՞նչպես կարելի է դա բացատրել: Անհնար է արտադրել 920 դոլար արժողությամբ ադամանդ և այն Ռուսաստանին վաճառել 360 դոլարով: Նշանակում է Հայաստանում մշակված քարերը չեն մտնում Ռուսաստան և մեր շուկա մտնում ավելի էժան քարեր, որոնք Հայաստանը ներմուծում է Հնդկաստանից և հետո վերավաճառում ռուսական շուկայում: Մեր նպատակն է վերացնել տրանզիտային այդ ճանապարհը և հնարավորություն ունենալ քարեր ներմուծել ուղղակի Հնդկաստանից՝ առանց մաքսատուրքի», -ասաց Ուտկինը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մեզ տրամադրած տվյալների համաձայն, ներկայումս Հայաստանում գրանցված է 11 ադամանդագործական ընկերություն և 2019 թվականին հայկական ադամանդագործական ընկերությունները իրացրել են 42․9 մլրդ դրամի արտադրանք, որից 37․5 մլրդ դրամի արտադրանքն արտահանել են ԵԱՏՄ երկրներ, իսկ 1․99 մլրդ դր․՝ այլ երկրներ։ Նույն ժամանակահատվածում արտադրվել է 239 220.0 կարատ մշակված, չագուցված և չամրացված բնական ալմաստներ: Նախորդ տարվա՝ 2018 թվականի նկատմամբ արտադրանքի աճը կազմել է 4.3%: Ստացվում է, որ 2018-ին հայաստանյան արտադրողները փաստացի թողարկել են 229 396.0 կարատ ադամանդ, որից, ըստ ՀՀ մաքսային ծառայության վիճակագրության, նույն ժամանակահատվածում դեպի Ռուսաստան արտահանվել է, որ թե 156 000 կարատը, ինչպես պնդում է պարոն Ուտկինը, այլ՝ 70,5 հազար կարատը:
Ինչ վերաբերում է Ռուսաստան արտահանվող ադամանդի արժեքին, ապա ՀՀ պետական եկամուտնեի կոմիտեից տեղեկացրեցին, որ ըստ մաքսային վիճակագրական տվյալների՝ 2018-2019 թվականներին ՀՀ-ից ՌԴ արտահանված հայկական ծագում ունեցող, ԱՏԳ ԱԱ 7102 ծածկագրի տակ դասվող (ալմաստներ՝ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված) ապրանքների մեկ կարատի միջին վիճակագրական արժեքը կազմել է համապատասխանաբար 349,3 և 337,6 ԱՄՆ դոլար:
ԵԱՏՄ շուկան, որի զգալի մասը ռուսականն է, ծավալային է, ինչն էլ այն հրապուրիչ է դարձնում ներմուծողների համար, սակայն, չնայած Միության ընդունած բազմաթիվ նորմատիվ ակտերին և միջպետական պայմանագրերին, որոնք ներքին շուկան պաշտպանիչ մեխանիզմներով զինելու նպատակ ունեն, խնդիրներ, այնուամենայնիվ, պարբերաբար ծագում են՝ ոչ միայն Հայաստանին, և ոչ միայն ադամանդներին վերաբերող:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
Կարծիքներ