Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրինագծի սահմանադրականությունը
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը:
Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանական ճեպազրույցում:
«Երեկ արդեն մենք պատգամավորների 1/5-ով, որի մեջ ներգրավված են «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով»,- ասաց Մինասյանը:
Նա մեղադրեց նաև նախագահին՝ այդ օրենքը ստորագրելու համար, որն ընդդիմադիրները որակում են հակասահմանադրական: Ըստ պատգամավորի՝ այդ խոշորացումն ունի քաղաքական նպատակ, իշխանությունը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը բոլոր տարածքներում:
Ազգային ժողովը սեպտեմբերի 24-ին ընդունել է համայնքների խոշորացման մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում: Հոկտեմբերի 7-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին կառավարությունը գրավոր կարգով ընդունել է ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ որոշում:
Կարծիքներ