Կողք կողքի՝ հավասար պայմաններով. կայացել է ներառական երաժշտական-արտ փառատոնը

Կողք կողքի՝ հավասար պայմաններով. կայացել է ներառական երաժշտական-արտ փառատոնը

ԿԳՄՍ նախարարության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի և «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն–Հայաստան» (ՍՕԱՐ) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կայացել է «Կողք կողքի» հանրապետական ներառական երաժշտական-արտ փառատոնը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Փառատոնի գալա համերգին ներկա են եղել ՀՀ վաչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Փառատոնին մասնակցել են «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը, «Սորս տնակ» զարգացման կենտրոնը, «ԼՈՒՍԷ» զարգացման և ուսուցման կենտրոնը, «Արև-Երեխաներ» առողջության և զարգացման կենտրոնը, «Էմիլի Արեգակ» Գյումրու վերականգնողական կենտրոնը, Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնը, «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը, Խարբերդի մասնագիտացված մանկատունը, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը, «Մանկան տուն» մանկատունը:

Իրենց ելույթներով բեմում երեխաներին աջակցել են նաև հայտնի երաժիշտներ և երգիչներ Ռուբեն Հախվերդյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Պետրոսյանը, Միքայել Ոսկանյանը, «MVF band»-ը, Կոնստանտին Աբգարյանցը, «Լավ էլի» ռոք խումբը, «Նեմրա» հայկական ռոք խումբը, «Hope For Coffee band»-ը, Լիդուշիկը, «Colors of Music band»-ը, Աննա և Անահիտ Մխիթարյանները: Վերջիններիս ներգրավվածությունը փառատոնին միջոց էր՝ ներառական մտածողությունը հնարավորինս հանրայնացնելու: Փառատոնի կայացմանը կամավորական աշխատանքներով աջակցել են նաև Հայ-ռուսական համալսարանի ուսանողները:

«Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնը հնարավորություն է տվել ստեղծելու մի միջավայր, որը կարող է նպաստել ստեղծագործական ներուժի բացահայտմանը, տաղանդների զարգացմանը, մշակութային ինքնատիպությանը, զարգացման առանձնահատկություններով երեխաներին հասարակության մեջ ներգրավելուն, ինչպես նաև շնորհաշատ երեխաներին և պատանիներին հնարավորություն կարող է ընձեռել մասնագիտական կողմնորոշման առումով: