Սևանի և Լճաշենի մի շարք խնդիրներ կլուծվեն
Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Սեւան եւ Լճաշեն համայնքներում դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Մարզպետի այցի առաջին կանգառը Սեւան համայնքի Նալբանդյան փողոցում էր, որտեղ արդեն մեկնարկել են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես ներկայացրեց Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Նալբանդյան փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է Շինարարների-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչեւ Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը:
Ծրագրի ընթացքում նախատեսված են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում եւ նոր ծածկույթի տեղադրում 5 322 քառակուսի մետր մակերեսով, քանդված եզրաքարերի ապամոնտաժում եւ նորերի տեղադրում 660 գծամետր երկարությամբ, դիտահորերի եւ անձրեւաընդունիչների ապամոնտաժում եւ նորերի տեղադրում՝ 24 հատ, փողոցի անցումների գծանշումներ, ճանապարհային նշանների եւ ասֆալտե արգելակների տեղադրում, ինչպես նաեւ շինարարական մի շարք աշխատանքներ:
Նալբանդյան փողոցի ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 41 միլիոն 900 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը ՝ Սեւանի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա օգոստոսի սկզբներին: Առաջիկայում կմեկնարկեն նաեւ ճանապարհաշինական հերթական երկու սուբվենցիոն ծրագրերը, որոնց իրականացման արդյունքում կհիմնանորոգվեն Գրիբոեդովի փողոցը եւ բազմաբնակարան 5 շենքերի բակեր տանող ճանապարհները:
Մարզպետի այցի երկրորդ կանգառը Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզում էր, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Լճաշենի համայնքապետարանը:
Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերի վերջերին: Այս ծրագրի իրականացմամբ ոչ միայն մանկապարեզում կավելանա 1 խումբ՝ 40 տեղով, այլ նաեւ կամբողջանա մանկապարտեզի հիմնանորոգման գործընթացը, որն ընթանում էր վերջին տարիների ընթացքում, ու հաստատությունը կաշխատի ողջ ծանրաբեռնվածությամբ՝ 120 տեղով: Այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կիսվեց իր տպավորություններով:
«Չնայած համավարակով պայմանավորված արտակարգ դրությանը՝ մենք ոչ մի դեպքում չենք դանդաղել կամ ուշացել: Այս պահի դրությամբ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն 114 ծրագրերից 20-ի մեկնարկն արդեն տրված է: Մնացած ծրագրերը գտնվում են մրցութային փուլում ու մեկնարկելու են առաջիկայում: Լինելու ենք շինարարական բոլոր տեղամասերում, դիտարկելու ենք աշխատանքների որակն ու ընթացքը, քննարկելու եւ վերացնելու ենք ընթացքում ծագած խնդիրները: Անելու ենք հնարավորը, որպեսզի սահմանված ժամկետներում ու անթերի ավարտվեն բոլոր ծրագրերը»,-ներկայացրեց մարզպետը:
Կարծիքներ