Սերժ Սարգսյանը չի մասնակցել իր գործով դատական նիստին
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալները ներկա չեն եղել, նիստին մասնակցել են պաշտպանները: Այս կապակցությամբ դատավորը հայտարարել է, որ նիստին չներկայանալն այլևս անհարգալի է լինելու:
Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ դատավորի կարծիքը չի կիսում, ապա ավելացրել՝ կյանքի, առողջության պահպանման իրավունքը բոլոր դեպքերում առաջնային է:
Դիտարկմանը, թե դատարանն ասել է, որ հնարավոր է սոցիալական հեռավորության պահպանմամբ անցկացնել նիստը սահմանված կանոններին համապատասխան, պաշտպանը պատասխանել է. «Կա արդարադատության շահ և մարդու առողջության պահպանման ու կյանի իրավունք: Կյանքի իրավունքը բոլոր շահերից բարձր է և բոլոր իրավունքները ծնվում է այս իրավունքից հետո»:
Նա հույս է հայտել, որ իրավիճակը կկարգավորվի և Սարգսյանը կկարողանա մասնակցել դատական նիստերին. «Առաջին շահագրգիռը մենք ենք, որ հանրությունը տեսնի ինչ քրեական գործ է քննվում»:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։
Կարծիքներ