Տնտեսվարողները կկարողանան հավասար պայմաններում բենզին ներկրել․ Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ղազախստանի միջև նավթամթերքի մատակարարումների համաձայնագրին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ:
«Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄԱՏԳԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանից Հայաստան առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից: Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները՝մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետությունում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, իսկ միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքների ցանկը»,- մանրամասնեց Պապիկյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ, համաձայնելով նախարարի հետ, հավելեց․ «Նախագծով հնարավորություն է տրվելու, որ ղազախական վառելիքը որոշակի ավելի բարելավված պայմաններով ներկրվի Հայաստան։ Սա մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծելու,այսինքն՝ ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»:
Կարծիքներ