ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար պետական 3 ծրագրի իրականացման համար պետբյուջեից շուրջ 29 մլրդ դրամ է հատկացվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացված աշխատանքը, ներկայացրել 2024 թվականի անելիքներն ու նոր նախաձեռնությունները:
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հարցին, նախարարը նշել է, որ 2023 թ․ մեկնարկել և հիմա էլ շարունակվում է ԼՂ հայրենակիցների սոցիալական աջակցությանն ուղղված 3 ծրագիր (առաջնային կարիքների բավարարման համար` միանվագ 100 հազար դրամ միանվագ աջակցություն, կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ, սպառողական ծախսերի համար՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցություն):
Բոլոր ծրագրերով վճարումները շարունակվում են:
Պատկերն այս պահին հետևյալն է՝
100 հազար դրամ աջակցությունը վճարվել է 112 080 անձի,
40+10 դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար՝ 104 027 անձի, նոյեմբեր ամսվա համար՝ 77 503 անձի, դեկտեմբեր ամսվա համար՝ 82 266 անձի,
50 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 69 429 անձի, դեկտեմբեր ամսվա համար՝ 74 435 անձի։
Ընդհանուր առմամբ, միայն այս 3 ծրագրերի շրջանակում պետբյուջեից արդեն իսկ հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ, միջազգային կազմակերպությունների միջոցով՝ 1.5 մլրդ դրամ (ծավալուն բաժինը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով, որի դոնորների շարքում՝ Միջազգային կարմիր խաչը, UNHCR–ը, Շվեցարական Կարմիր խաչը և այլն)։ Միաժամանակ պայմանագրեր են կնքվել այլ գործընկերների հետ ևս:
ԼՂ-ից բռնի տեղահանված 11 785 անձի վճարվել է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ․ գործընթացը շարունակվում է։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նպաստների վերաբերյալառկա է հետևյալ վիճակագրությունը՝
135 անձի նշանակված է երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
55 անձի՝ մայրության նպաստ,
165 անձի՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ․ դիմումների ընդունման և նշանակման գործընթացը շարունակվում է։
Կարծիքներ