Կենսաչափական տվյալների անօրինական հավաքագրման համար Meta-ն 1,4 մլրդ դոլար կվճարի Տեխասի իշխանություններին
Ամերիկյան Meta ընկերությունը համաձայնել է 1,4 միլիարդ դոլար վճարել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի իշխանություններին՝ առանց համապատասխան թույլտվության միլիոնավոր քաղաքացիների կենսաչափական տվյալներ հավաքելու հետ կապված խնդիրը հարթելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Financial Times-ը:Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փեքսթոնը հայտարարել է, որ դա ԱՄՆ-ի պատմությունում ամենախոշոր վճարումն է, որը կողմերի հաշտեցման շրջանակում կատարվել է առանձին նահանգների ներկայացրած դատական հայցով:2022 թվականի փետրվարին ներկայացրած հայցը Փեքսթոնը հիմնավորել էր այն մեղադրանքով, որ Meta-ին պատկանող Facebook սոցիալական ցանցի դեմքերի ճանաչման համակարգն առանց օգտատերերին իրազեկելու և համաձայնությունը ստանալու հարթակում տեղադրված լուսանկարներից և տեսանյութերից հավաքել է նրանց կենսաչափական տվյալները: Այդ համակարգն արդեն չի գործում:Իր հերթին՝ Meta-ն հայտարարել է, որ գոհ է հաշտության համաձայնագրից և անհամբերությամբ սպասում է Տեխասում բիզնես ներդրումների խորացման, ներառյալ տվյալների մշակման կենտրոնների հնարավոր կառուցման վերաբերյալ տարբերակների քննարկմանը:Ընկերության բաժնետոմսերի արժեքը երեքշաբթի օրվա սակարկություններում մնացել է գրեթե անփոփոխ:
Կարծիքներ