Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ընդգրկվածությունն ունի իր նրբերանգները. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ներգրավվածությանը Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի ու Լիբիայի հակամարտություններին:
«Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են ձեր թվարկած լարվածության օջախներում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Ընդ որում, գաղտնիք չէ, որ մեր մոտեցումները մի շարք վիճելի տարածաշրջանային հարցերի լուծմանը օբյեկտիվորեն կարող են նաև զգալիորեն տարբերվել:
Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ընդգրկվածությունն ունի իր նրբերանգները: Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծման թույլատրելիության ու հավանականության մասին դիրքորոշմանը: Հայերին և ադրբեջանցիներին մենք դիտարկում ենք իբրև եղբայրական և բարեկամական ժողովուրդների, մենք չենք կարող նման նկրտումները: Հօգուտ հակամարտության՝ բացառապես քաղաքական կարգավորման արտահայտվել են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներն՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, համանախագահ երկրների ղեկավարներ: Հենց համանախագահների եռյակն էլ հանդես է գալիս իբրև միջնորդ այս հին հակամարտությունից դուրս գալու շրջանակներում:
Հոկտեմբերի 10-ին ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ 11-ժամյա խորհրդակցության արդյունքում համատեղ հայտարարություն պատրաստվեց, որ ենթադրում է կրակի դադարեցում և առավելագույն արդյունավետ բանակցային գործընթացի վերականգնում: Մենք մեր թուրք գործընկերներին համոզում ենք ի պաշտպանություն այս գծի նպատակահարմար ձևով օգտագործել իրենց ազդեցությունը: Լեռնային Ղարաբաղի թեմայով մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Կոչ ենք անում բոլոր արտաքին խաղացողներին՝ անել ամեն ինչ՝ թույլ չտալու համար ռազմական սցենարի հետագա զարգացում, կողմերի հույզերը սառեցնելու, խաղաղ գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու համար»,- ասել է նա:
Կարծիքներ