Վարդենիկում ևս երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Վարդենիկի երաժշտական դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 77 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 12 միլիոն 5 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 72 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի լուսավորության ցանցի կառուցման և վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 792 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 364 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 10 միլիոն 427 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 301 միլիոն 988 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 181 միլիոն 192 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 120 միլիոն 792 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը:
«Վարդենիկում այս տարի սուբվենցիոն չորս ծրագիր է իրականացվում, որոնցից մեկը՝ ոռոգման ջրի խորքային հորի վերակառուցման ու վերագործարկման ծրագիրն արդեն մեկնարկել է:
Երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքների մրցույթն ամփոփված է, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 969 հազար դրամ: Կհիմնանորոգվի շենքի երկրորդ հարկը, սանհանգույցները, կանցկացվի կենտրոնացված ջեռուցման համակարգ: Շինարարական աշխատանքները կմենկնարկեն հուլիսի կեսերից:
Փողոցների լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման ծրագրի մրցույթը հայտարարված է, արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերի ընթացքում: Համայնքի ութ փողոցներում կտեղադրվի ԼԵԴ համակարգով աշխատող 160 լուսատու՝ շուրջ 3 կլիոմետր 490 մետր երկարությամբ:
Եվս 1 կլիոմետր երկարությամբ գործող լուսավորության ցանցը փոխարինվում է ԼԵԴ համակարգով, որի արդյունքում կապամոնտաժվի եւ կվերատեղադրվի 31 լուսասյուն: Ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի շինարարական մրցույթը ևս հայտարարված է: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ փողոցները, Կամո Շահինյան փողոցում տեղադրել միաշերտ ասֆալտբետոնյա ծածկույթ 1400 քառակուսի մետր մակերեսով: Ասֆալտապատվող փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 6 կիլոմետր: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում կզարգանան ենթակառուցվածքները, կբացվեն ժամանակավոր աշխատատեղեր»,-նշեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը:
Կարծիքներ