Ջրարբիում 735 մետր ճանապարհ կվերակառուցվի
Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում 735 մ երկարությամբ ճանապարհ կվերակառուցվի. անվտանգ երթևեկություն կապահովվի հետիոտների և վարորդների համար: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից:
Ճանապարհի վերակառուցումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 93 մլն 325.1 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50 % է` 46 մլն 647.1 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 24.3 %` 22 մլն 678 հազ. դրամ, իսկ մասնավորի կողմից ներդրումը` 25.7 %` 24 մլն դրամ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կիրականացվի Ջրարբի համայնքի Էջմիածին-Մարգարա-Ջրարբի-Ջրառատ միջհամայնքային ճանապարհները կապող Ս. Խաչատրյան փողոցի 735 մ երկարությամբ ճանապարհահատվածի մայթերի նորոգում, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում: Միևնույն ժամանակ նշված հատվածը կկանաչապատվի և 20 լրացուցիչ լուսարձակ կտեդադրվի:
Մարզպետարանի փոխանցմամբ՝ նախատեսվող շինաշխատանքների ընթացքում ժամանակավոր աշխատատեղեր կստեղծվեն:
Կարծիքներ