Հինգ մթերք, որոնք նվազեցնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը

Հինգ մթերք, որոնք նվազեցնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան միլիոնավոր կյանքեր է խլում։ Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց կանխարգելումն ու բուժումը վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա պատճառով զարգացած մի շարք կողմնակի բարդությունների դեմ պայքարելը, ուստի դրա դեմ պայքարը հնարավորինս շուտ սկսելը շատ կարևոր է։ 

Քաղցկեղի կանխարգելման լավագույն միջոցներից մեկն առողջ կենսակերպ վարելն ու հիվանդության զարգացման նպաստող գործոններից խուսափելն է, ուստի առաջին հերթին հարկավոր է հետևել այս պարզ կանոններին։ Բացի այդ, կարելի է նաև որոշ փոփոխություններ անել սննդակարգում՝ բացառելով քաղցկեղածին նյութեր պարունակող մթերքն ու դրանց փոխարեն հակաքաղցկեղային ազդեցությամբ օժտված սննդամթերքի տեսակներ օգտագործելով։

Մասնագետները ներկայացրել են հինգ համեղ ու հասանելի հակաքաղցկեղային մթերք, որոնք ամենօրյա սննդակարգում ներառելը կօգնի խուսափել օնկոլոգիական հիվանդություններից։

Բրոկոլի

Կենդանիների վրա անցկացված հետազոտություններն ու գիտափորձերը ցույց են տվել, որ այս բանջարեղենը պարունակում է սուլֆարոֆան կոչվող նյութ, որը նպաստում է չարորակ բջիջների ոչնչացմանն ու ուռուցքի չափերի փոքրացմանը։

Լոբազգիներ

Պարբերաբար լոբազգիներ օգտագործելը որոշակիորեն պաշտպանում է աղեստամոքսային տրակտի ուռուցքներից։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է հսկայական քանակությամբ սննդարար նյութերով, ուստի շատ օգտակար բաղադրիչ է ամենօրյա սննդակարգում ներառելու համար։

Գազար

Ամեն օր սննդակարգում գազար ներառելը զգալիորեն կնվազեցնի շագանակագեղձի քաղցկեղի, թոքերի քաղցկեղի ու ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Ընդ որում՝ գազարը շատ օգտակար է ինչպես հում վիճակում, այնպես էլ եփած վիճակում կամ հյութի տեսքով։

Ցիտրուսային մրգեր

Ցիտրուսային մրգերը ևս շատ օգտակար են օրգանիզմի համար, քանի որ նվազեցնում են որոշակի ուռուցքների առաջացման հավանականությունը։ Դրանց շարքին են դասվում ստամոքսի քաղցկեղը, մարսողական համակարգի օրգանների քաղցկեղը, վերին շնչուղիների քաղցկեղն ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որը համարվում է գրեթե անբուժելի։

Լոլիկ

Այս մթերքը պարունակում է լիկոպին՝ նյութ, որն օժտված է յուրահատուկ հակաքաղցկեղային հատկություններով։ Օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական առնվազն 1-2 հատ լոլիկ ուտել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում