Իտալիան չի կարող մի սեղանի շուրջ նստել Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիայի հետ. պատգամավոր

Իտալիան չի կարող մի սեղանի շուրջ նստել Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիայի հետ. պատգամավոր

Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին անհնար է համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան վարչապետ Մարիո Դրագիի ելույթի:

«Իհարկե, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստիպելով թուրքական ռեժիմին լավ վարքագիծ դրսևորել, սակայն ցանկանում եմ հիշեցնել,այդ վարչակազմը չեղարկում է ոչ միայն կանանց իրավունքները, այլև ցանկացած տեսակի ազատություն ու անգամ հերքում է պատմական ճշմարտությունը:

Չմոռանանք, որ դեռևս չի հաստատվել արդարությունը հայերի համար, Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչված չէ: Ու քանի դեռ այս ամենը կա, չեմ կարծում, որ մենք կարող ենք նույն սեղանի շուրջ նստել մեկի հետ, ով բանտարկում է նրանց, ովքեր համարձակվում են հիշել պատմական ճշմարտության մասին»,- ելույթում մասնավորապես հայտարարել է Մատտեո Սալվինին:

Մարտի 23-ին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև Թուրքիայում մարդու իրավունքների խնդրին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում