Ավարտված պատերազմն աղետալի էր հայության համար թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով. Ռոբերտ Ղևոնդյան

Ավարտված պատերազմն աղետալի էր հայության համար թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով. Ռոբերտ Ղևոնդյան

Ավարտված պատերազմն աղետալի էր հայության համար թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով։ Ներէթնիկական ճգնաժամի հաղթահարումը ահռելի ռեսուրսներ և ժամանակ է պահանջելու։ Եթե նախկինում օրակարգային էր համահայկական համախմբման առանցքի ձևավորումն ու էթնիկ ինքնության՝ «մենք»-ի առավելության բացահայտմամբ համախմբան ապահովումը, ապա այս պահին գլորվել ենք շատ ավելի հետ։ Առաջին հերթին ինքնության վերարժևորման հրամայականի առջև ենք կանգնած։

Տեղի ունեցածը ոչ միայն ներհայկական, այլև աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի։ Եթե հայության համար այս պարտությունը 1000 տարուց ի վեր հայրենազրկման գործընթացների շարունակությունն ու վերջին 26 տարիների հանցավոր կամ ապաշնորհ կառավարման  տրամաբանական հետևանքն է, ապա միջազգային մասշտաբում սա իրավիճակի կտրուկ փոփոխության սկիզբ կարող է համարվել։

Արցախում տեղի ունեցածը փաստացիորեն փոխում է ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված աշխարհակարգը։ Մինչ այս պահը աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների միջև գոյություն ուներ ռազմական ճանապարհով վիճելի տարածքային խնդիրները լուծելու անթույլատրելիության լուռ համաձայնություն։ Եթե կողմերից մեկը դիմում էր նման փորձի՝ տեղի էր ունենում ընդդեմ այդ փորձի միջազգային համախմբում, իսկ շատ դեպքերում՝ ռազմական ինտերվենցիա։ Նման օրինակները շատ են Կոսովոյի, Բոսնիայի, Հորվաթիայի հարցում Սերբիայի կենտրոնական իշխանությունների ռազմական գործողությունների դեմ՝ արևմտյան արձագանքը, Օսեթիայի հարցում Վրաստանի և Դոնբասի հարցում Ուկրաինայի դեպքերում՝ Ռուսաստանի արձագանքը և այլն։ Լավագույն օրինակը, թերևս, Իսլամական պետության ձևավորման դեմ միջազգային կոալիցիոն արձագանքն է։

Արցախում ադրբեջանական կողմի հաջողությունները փլուզում են քաղաքակրթական կոնսենսուսն այս հարցի շուրջ։ Այս իրականությունն է այսուհետ կանխորոշելու հետագա աշխարհաքաղաքական զարգացումները։ Եթե ուժի գործադրման միջոցով հնարավոր է խնդիր լուծել և լեգիտիմացնել, ապա

1. «Ինքնորոշման իրավունք» հասկացությունն ընդհանրապես իմաստազրկվում է։ Որևէ հատվածում կենսագործող որևէ հանրույթ ինքնորոշման հնարավորություն չի ունենալու՝ եթե ռազմական ներուժը բավարար չէ, իսկ եթե բավարար է, ապա ուղղակիորեն լուծելու է խնդիրը հենց այդ գործոնի միջոցով։

2. Ինչպես կենտրոնախույս, այնպես էլ կենտրոնամետ միտումների հետևորդները լեգիտիմ իրավունք են ստանում ռազմական միջոցների դիմելու։

3. Խնդիրները լուծելու հարցում սասանված է գերտերությունների հեղինակությունը, իսկ տարածաշրջանային լիդերությունը դառնում է առաջնային։

4. Թրամպիզմի մեկուսացման բիզնես-քաղաքականության հետևանքով ԱՄՆ-ն այլևս չի ընկալվում որպես «արդար իրավարար», ինչը նշանակում է, որ առանց սեփական ռազմական ուժի «արդարություն» պահանջելն ինքնասպանություն է։ Զարմանալի չէ, որ վերջին 30 տարիներին առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահը 2-րդ ժամկետի համար չվերընտրվեց։

Աշխարհակարգի փոփոխության իրական ծավալները պարզելու համար ավելի խորը վերլուծության կարիք կա։ Սակայն հարկ է նկատել, որ բեկման կետն այլևս անցած է, և այսուհետ ֆիզիկական հզորությունը շարունակաբար ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանալու միջազգային հարաբերություններում։ Հայաստանի Հանրապետության համար սա նշանակում է, որ սեփական ինքնիշխանության ապահովման և պետականության հերթական կորստի դառը մարտահրավերներին դիմակայելու գլխավոր ճանապարհը ռազմական ներուժի անհապաղ և բազմավեկտոր ամրապնդումն է։ Սա ենթադրում է մի կողմից ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուկաների բազմազանության ապահովում, իսկ մյուս կողմից՝ ժողովրդագրական հստակ ու հասցեական, ներկայում գործող նորմերից անհամեմատ բազմազան ու մեծ ծավալներով ծրագրերի իրականացում։ Համայն հայության ողջ ներուժը մոտակա տարիներին անհրաժեշտ է ուղղել այս նպատակի իրականացմանը։ Այն կարող է նոր վերարժևորման հիմք հանդիսանալ և համախմբման առանցք դառնալ հուսալքված հայության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում