Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է ԼՂ հայության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն

Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է ԼՂ հայության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն

Հոկտեմբերի 17-ին կայացած լիագումար նիստի ընթացքում Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն:

Ինչպես հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ռազմական գործողության, որը հանգեցրել է հարյուրավոր հայերի մահվան և հազարավոր մարդկանց զանգվածային գաղթի,

Սենատը՝

-Խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացվող անհիմն ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

-Կոչ է անում կողմերին վերականգնել դիվանագիտական ուղիները և իր մերժումն է հայտնում Ադրբեջանի կառավարության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարով և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ստանձնած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ:

-Պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կառավարությունը վավերացրել է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ կոնվենցիան։

-Ցավում և դատապարտում է մարդկային կյանքերի կորուստը և իր համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և Իսպանիայում բնակվող հայ համայնքին։

-Ընդգծում է Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվությունը՝ Լեռնային Ղարաբաղի իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու հարցում, և պահանջում է, որ նրանք թույլ տան միջազգային դիտորդների և հումանիտար օգնության մուտքը տարածաշրջան։

-Հաշվի է առնում և աջակցում է ԵՄ բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի ջանքերը՝ համարելով, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային, համընդհանուր և տևական լուծում գտնելուն։

-Ողջունում է Զարգացման միջազգային համագործակցության իսպանական գործակալության (AECID), ինչպես նաև Իսպանիայի կառավարության կողմից հատկացված մարդասիրական օգնությունը՝ խրախուսելով կատարելու լրացուցիչ ներդրումներ՝ տեղահանված բնակչության կարիքները հոգալու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում