Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի ներսում քաղաքական երկխոսության բացակայության մասին
Միացյալ Նահանգների վարքագիծը՝ կապված սուզանավերի հետ, նոր ապացույցն է այն բանի, որ ՆԱՏՕ-ի կազմում քաղաքական երկխոսություն չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
«ԱՄՆ վարքագիծը՝ կապված սուզանավերի իրավիճակի հետ, նոր ապացույցն է նրա, ինչի մասին խոսում ենք արդեն ամիսներ շարունակ. Հյուսիսատլանտյան դաշինքում չկա քաղաքական երկխոսություն»,- ասել է նախարարը խորհրդարանի նիստի ընթացքում:
Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը:
Կարծիքներ