Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացվող և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքարում, որտեղ ծանոթացել է Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է:

Ծրագրի իրականացման արդյունքում Փարաքար բնակավայրը կունենա նոր դպրոց` 576 աշակերտ նախագծային հզորությամբ։ Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի ցանկում։

Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն, որի շինարարական աշխատանքներն սկսվել են 2022 թ. փետրվարին և ավարտվել 2023 թ. մարտին:

Ծրագրի ընդհանուր արժեքը 250 մլն դրամ է: Սպասարկման տարածքի բնակչության թիվը կազմում է շուրջ 150.000 անձ: Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Էջմիածին քաղաքում, որտեղ ներկայացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Ընդգծվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Գործադիրի որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է ևս 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Հիմնանորոգվող մանկապարտեզը նախատեսված է 174 երեխայի համար։

Այցի շրջանակում վարչապետին ներկայացվել է նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացված աշխատանքները: Հիմնանորոգվել է թանգարանային շենքի տանիք: Իրականացվել են թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ: Մուտքից մինչև թանգարանի տարածք սալիկապատվել են հետիոտնային մայթերը, կատարվել է նաև արտաքին լուսավորություն: Վերոնշյալ աշխատանքների նպատակով Կառավարությունը հատկացրել է 86 մլն դրամ:

Հաջորդ ծրագիրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքներն են: Ծրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, իրականացվել է ՊՈԱԿ-ի սեփական միջոցների հաշվին: Ծրագրի արդյունքում Զվարթնոց տաճարի տարածքում գտնվող հնձանները կվերականգնվեն և ապակյա պաշտպանիչ կոնստրուկցիաներ կհավաքվեն:

Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարին են ներկայացվել «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերը՝ խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն:

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է: Ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից։ Արդյունքում՝ հիմնվել են 5,5 հա խաղողի, 2,5 հա պտղատու ինտեսիվ այգիներ, արտադրվում են «Ալլուրիա» գինիներ (Alluria Wines)՝ հայկական էնդեմիկ խաղողի սորտերից։ Կառուցվել է «Ալլուրիա» գինու տուն՝ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպման համար։ Կառուցվել է 8400 քմ նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն, որտեղ ընթացիկ տարում աճեցվում է կծու պղպեղ։

Ակնաշենում վարչապետին են ներկայացվել բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 291 մլն դրամ է: Արդյունքում բնակավայրը կունենա նոր կառուցված մանկապարտեզ, որտեղ կհաճախեն 50 երեխաներ։

Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 556 մլն դրամ է, որից 361 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Ծրագրի արդյունքում կկառուցվի 12542 գծմ գազատար և համայնքը կունենա ամբողջությամբ գազիֆիկացված երկու բնակավայր, 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է «Մարգարա» մաքսային կետում, որտեղ նրան ներկայացվել են մաքսակետի արդիականացման աշխատանքները և ստեղծված աշխատանքային պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում