Օսկանյանը կրկնում է իր 1998թ․ դավադրությունը

Օսկանյանը կրկնում է իր 1998թ․ դավադրությունը

Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը օրերս հայտարարեց, որ կառավարությունից համապատասխան լիազորություն ստանալու դեպքում խոստանում է կարճ ժամանակում բեկում մտցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։ Միևնույն ժամանակ նախկին ՀՀ ԱԳ նախարարը պայման էր դրել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 ամիս պետք է լռի, քանի որ նախկին արտգործնախարարի համոզմամբ՝«Փաշինյանի խոսելը հայ ժողովրդի գլխին բերել է պատերազմ» և պատերազմից հետո էլ այս ողջ ժամանակահատվածում նրա խոսելը է’լ ավելի է խորացրել եղած խնդիրները։Այս մասին հայտնում է 356news.am-ը:

«Առաջին պայման. որ լիազորություն տրվի մի խումբ դիվանագետների, և ես պատասխանատվություն եմ վերցնում այնտեղ կտրուկ՝ երկու-երեք ամսվա ընթացքում իրավիճակ փոխելու, բայց այդ երկու-երեք ամսվա ընթացքում Փաշինյանը ուղղակի պետք է լռի, չխոսի», – ասել է Վարդան Օսկանյանը։

Թե ինչ գործունեություն է ծավալելու ՀՀ նախկին ԱԳ նախարարը, որը հնարավորություն կտա 3 ամսում որոշակի թեկուզ բարվոք վիճակի հասնել, լրագրողներին չէր հստակեցրել, սակայն կարծիք էր հայտնել, որ ժամանակին նույնիսկ հնարավորություն է եղել խուսափել պատերազմից, որն իր խորին համոզմամբ «Փաշինյանն է բերել մեր ժողովրդի գլխին՝ իր սխալների պատճառով»:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությանը հետաքրքրում է ԼՂ հակամարտության կարգավորումը, բայց չի հետաքրքրում, թե ինչպես. Միջազգային հանրությունը գնալու է այն «հեշտ ճանապարհով», որն իրենց առաջ կբացեն կողմերը:

«Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելը: Իհարկե, միջազգային հանրությունն ամեն ինչով կաջակցի Փաշինյանին, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի: Հավատացեք, այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին՝ միջազգային հանրության մոտ կտրուկ դիրքորոշման փոփոխություն կլինի»,-ասել էր Օսկանյանը:

Հատկանշական է, որ Օսկանյանը նման հայտարարությունները արել էր այսպես կոչված «Հայաքվե» ծրագրին մասնակցելուց և իր ստորագրությունը դնելուց հետո, որի նպատակն է, ինչպես դրա համակարգող Ավետիկ Չալաբյանն է պարզաբանում, «քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախի ճանաչումը այլ պետության կազմում»:

Ավելին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Չալաբյանը առավել հստակեցնելով իրենց պատկերացումները նշել էր. «սա վիժեցնելու է Արցախի հայաթափման և հանձնման գործընթացը: Գործող իշխանությունն ուզում է ամեն գնով հանձնել Արցախն ու հայաթափել, ու գործող իշխանության համար ոչ մի նշանակություն չկա, որ դա մեր պատմական հայրենիքն է, որ այնտեղ մեր սրբություններն են, որ այնտեղ 120 հազար մեր համաքաղաքացիներն են ապրում, որ արդեն այս ընթացքում 15 հազար հայորդիներ իրենց կյանքն են զոհել Արցախի համար: Իրենց համար նշանակություն չունի»:

Այնուամենայնիվ, ինչպես 2020 թվականի վերջում և 2021 թվականի կեսերի ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական շարժումների առաջ քաշած դիսկուրսերի դեպքում էր, այնպես այս դեպքում է, շարունակում է ոչ միայն անհստակ, այլ նաև անհասկանալի մնալ թե ընթացիկ բանակցային գործընթացին հակադրվող ընդդիմախոսները ի՞նչ դիվանագիտական գործընթացներ պետք է ձեռնարկեն, որը հնարավորություն կարող է տալ կասեցնել, իրենց բնութագրած «Արցախի հայաթափման և հանձնման գործընթացը»:

Փորձենք հասկանալ, թե ո՞րտեղից է բխում ընդդիմադիր ներկայիս դաշտի նման մոտեցումը և ո՞րտեղ են դրա արմատները:

Հարցի պատմությունից որոշ դրվագներ

Արցախի շուրջ ծավալված հայկական ներքաղաքական բանավեճը, որը կայանում է հանձնել-չհանձնելու պրիմիտիվ բանաձևով՝ նոր բան չէ: Սա առավել քան ակտիվ կերպով դրսևորվել էր 1997 թվականին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը, Ադրբեջանի կառավարության և Հայաստանի կառավարությանը ներկայացվել էր խնդրի կարգավորման երկու տարբերակները՝ այսպես կոչված «փաթեթային» և «փուլային» տարբերակները:

Փաթեթային տարբերակը, ըստ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ենթադրում էր, որ միաժամանակ լուծվում են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի  (ԼՂԻՄ) հարակից տարածքների վերադարձի հարցը, բացի Լաչինի շրջանից, ինչպես նաև խաղաղարար ուժերի տեղակայումը, շրջափակումների վերացումը, փախստականների վերադարձը, բուֆերային ու անջատիչ, ոչ թռիչքային գոտիների ստեղծումը ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանում: «Սա հարցի փաթեթային լուծման մի մասն էր: Մյուս մասը ԼՂ կարգավիճակի շտկումն էր: Առաջին մասի նկատմամբ, ըստ էության, ոչ ոք լուրջ տարաձայնություններ չուներ, երկրորդը` կարգավիճակը, կտրականապես մերժելի էր ԼՂ-ի համար, և  նույնքան կտրականապես մերժեց Բաքուն: Ադրբեջանը թյուր տպավորություն է ստեղծում, և, կարծես թե, միջնորդներն էլ շահագրգռված են այդ տպավորությունը տարածելու, որ իբր իրենք ընդունել են միջնորդների ներկայացրած առաջին ծրագիրը: Ադրբեջանը նույնքան կտրականապես մերժել է այդ ծրագիրը, ինչպես ԼՂ-ը: Հայաստանը ունեցել է շատ լուրջ վերապահումներ»- ասում էր Հայաստանի նախագահը:

ԼՂՀ ԱԳ նախարարությունն էլ տարածել էր մի հայտարարություն, որտեղ հակադրվելով Հայաստանի նախագահին` ընդգծել էր, որ Տեր-Պետրոսյանը ոչ լիովին կոռեկտ էր հոդվածում շարադրել Ստեփանակերտի մոտեցումները փաթեթային և փուլային տարբերակների վերաբերյալ: «1997թ. մայիսին համանախագահությունն առաջարկել էր համապարփակ համաձայնագրի նախագիծ (փաթեթայինը), որը բաղկացած է երկու մասից. հակամարտության դադարեցում և կարգավիճակ: Նախագիծը մեթոդաբանական իմաստով, իրոք, ներկայացնում էր փաթեթային լուծման տարբերակ: Սակայն թե՛ կարգավիճակի և թե՛ զինված հակամարտության դադարեցման համաձայնագրերը հիմնված էին Լիսաբոնի գագաթաժողովում ԵԱՀԿ գործող նախագահի արած հայտարարության մեջ շարադրված սկզբունքների վրա, հայտարարություն, որը պաշտոնական փաստաթղթի բնույթ չի ստացել Հայաստանի դիրքորոշման շնորհիվ: ԼՂՀ ղեկավարությունը մերժել է ոչ թե առհասարակ կարգավորման փաթեթային տարբերակը, այլ հենց տվյալ նախագիծը»:

Ընդգծենք, որ 1997 թվականի հունիսի 20-ին Դենվերի գագաթաժողովում համատեղ հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահող երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներ Բորիս Ելցինը, Բիլ Քլինթոնը և Ժակ Շիրակը` կողմերին հորդորելով դրական մոտեցում ցուցաբերել Մինսկի խմբի առաջարկությանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում