Ռուսական հացահատիկի արտահանումը հոկտեմբերին կրճատվել է 10%-ով
Հոկտեմբերի 1-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանն արտահանման համար բեռնել է 3,93 մլն տոննա հիմնական հացահատիկային մշակաբույսեր, ինչը 10%-ով պակաս է 2023 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։Ռուսաստանի հացահատիկային միության վերլուծական վարչության տնօրեն Ելենա Տյուրինան գործակալությանը հայտնել է, որ ցորենի բեռնառաքումները կրճատվել են 5%-ով՝ հասնելով 3 մլն 512 հազար տոննայի։ «Սակայն այս կրճատումն ավելի փոքր է, քան սեպտեմբերին էր, երբ բեռնառաքումները կրճատվեցին 16%-ով», - ասել է նա։
Գարու արտահանումը կրճատվել է 14%-ով` մինչև 312 000 տոննա, եգիպտացորենինը՝ երեք անգամ` մինչև 102 000 տոննա։Ինչպես նշել է փորձագետը, կրճատվում է նաև հացահատիկային և լոբահատիկավոր մշակաբույսերի արտահանվող տեսականին։ Շարունակվում է կրճատվել նաև արտահանող ընկերությունների թիվը՝ 93-ից հասնելով 48-ի։ Բացի այդ, ցորենն ուղարկվել է 32 երկիր՝ նախորդ սեզոնի 44-ի համեմատ։Հոկտեմբերի երկու տասնօրյակի ընթացքում Եգիպտոսը դարձել է խոշորագույն գնորդը, երկրորդ տեղում Թուրքիան է: Տյուրինան հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Թուրքիան փոքր-ինչ մեղմացրել է ցորենի ներմուծման արգելքը՝ ալյուր արտադրող ընկերություններին թույլ տալով որոշակի պայմաններով հացահատիկ ներկրել արտասահմանից։
Ալժիրը եզրափակում է ռուսական ցորենի խոշորագույն գնորդների եռյակը:Ընդհանուր առմամբ, սեզոնի սկզբից (2024 թ. հուլիսի 1-ից) Ռուսաստանն առաքել է 21 մլն 940 հազար տոննա հացահատիկի հիմնական տեսակներ, ինչը կազմում է ամբողջ սեզոնի արտահանման ներուժի 39 %-ը։ Ցորենի բեռնառաքումները կազմել են 18 մլն 942 հազար տոննա։
Կարծիքներ