Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թ. ապրիլի 17-ին` ժամը 14։00-20։00-ին, Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»։
Միջոցառման կազմակերպիչն է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Փառատոնին կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» և մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև ճանաչված երաժիշտներ:
Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալու երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին։
Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որևէ դետալ:
«Զատկական փառատոնի» նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և խոցելի խմբերի երեխաներին մշակութային կյանքում ինտեգրելու համար:
Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիակ Արտ» ընկերությունը և «ՀԵՀԵՄ» գրասենյակը։
Կարծիքներ