Մեկնարկում է «Սպորտային սերունդ-2022» ծրագիրը. հանրակրթական 25 դպրոց կհամալրվի սպորտային գույքով
«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈՒԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագրի երրորդ թողարկումը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:
Ծրագրի շրջանակում այս տարի նախատեսվում է սպորտային գույքով համալրել հանրակրթական 25 դպրոց՝ յուրաքանչյուրին 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև կազմակերպել մի շարք սպորտային միջոցառումներ: Մրցույթի շրջանակում չեն իրականացվում վերանորոգման աշխատանքներ:
Վերոնշյալ 25 դպրոցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով:
Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է պատրաստել կարճ տեսահոլովակ (10 րոպեն չգերազանցող), որը կպատմի դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և, իհարկե, դպրոցում սպորտի կարևորության մասին:
Տեսանյութն անհրաժեշտ է նկարել MP4 ձևաչափով (ցանկալի է` սիրողական) և մինչև 2022 թ.-ի ապրիլի 21-ն ուղարկել [email protected] էլ. հասցեին: Տեսանյութը պետք է ներկայացված լինի դպրոցի կողմից: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված տեսանյութերը չեն ընդունվի: Յուրաքանչյուր դպրոցի համար կարող է ներկայացվել միայն մեկ տեսանյութ:
Առանձնակի ուշադրության կարժանանան այն տեսահոլովակները, որտեղ կմասնակցեն կրթական հատուկ կարիքներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող, փախստական (Սիրիա, Իրաք), ինչպես նաև Արցախից տեղահանված աշակերտները:
Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գործող հանրակրթական բոլոր դպրոցները: Այն դպրոցները, որոնք 2020 և 2021 թթ.-ին մասնակցել են մրցույթին, սակայն չեն ընտրվել հանձնաժողովի կողմից, կարող են մասնակցել 2022 թ.-ի թողարկմանը՝ ներկայացնելով նոր տեսանյութ:
Մրցույթին չեն կարող մասնակցել 2020 և 2021 թթ.-ին նույնանուն մրցույթում հաղթած դպրոցները:
Մասնակցությունն անվճար է:
«Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը կկազմի լավագույն տեսանյութերն ուղարկած դպրոցների համառոտ ցանկ, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կիրականացնեն այցելություններ վերոնշյալ դպրոցներ՝ պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով:
Տեսանյութերի և այցելությունների հաշվետվությունների հիման վրա մրցութային հանձնաժողովը կհայտարարի հաղթած 25 դպրոցների անունները:
Կարծիքներ