Փարիզում սկսել են Աստվածամոր տաճարի մեծ երգեհոնի վերականգնման աշխատանքները
Փարիզում սկսվել են Փարիզի Աստվածամոր տաճարի մեծ երգեհոնի մաքրման և վերականգնման աշխատանքները: Գործիքը տուժել է 2019թ.-ի գարնանը տաճարում բռնկված հրդեհից: Այս մասին հաղորդում է «Europe 1» ռադիոկայանը:
Նշվում է, որ գործիքը չի այրվել, բայց վնասվել է հրդեհը մարելու ժամանակ օգտագործված ջրից և հետո այն ծածկած կապարի փոշուց: Երգեհոնն ամբողջությամբ ապամոնտաժվելու է և մաքրվելու: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024թ.-ի ապրիլին:
Երգեհոնը 1733 թվականից ի վեր եղել է «տաճարի ձայնը»: Այն բաղկացած է մոտավորապես ութ հազար խողովակից՝ բաժանված 115 ռեգիստրների:
2019թ.-ի ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով Նոտր Դամ դե Պարի տաճարի տանիքի երկու երրորդը փլուզվել է, ամբողջովին այրվել է գոթական սրաձողը: Ֆրանսիայի իրավապահները ներկայումս հետաքննում են ոչ դիտավորյալ վնաս պատճառելու դեպքը: Ըստ նախնական վարկածի, հրդեհի բռնկման պատճառը եղել է վերականգնման աշխատանքների ընթացքում թույլ տրված անփութությունը:
Կարծիքներ