Հրաձիգ Նարե Գաբրիելյանը՝ ԱՊՀ 2-րդ խաղերի փոխչեմպիոն
Մինսկի սպորտահրաձգային կենտրոնում շարունակվում են ԱՊՀ խաղերի հրաձգության մրցումները։ Օգոստոսի 8-ին մրցահարթակ է դուրս եկել հրաձիգ Նարե Գաբրիելյանը, որը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ՝ ընդամենը 6 տասնորդական զիջելով ոսկե մեդալակրին։
«Այս պահին ես արեցի իմ հնարավորությունների սահմաններում առավելագույնը, բայց ինձ համար սա պարտություն չէ, քանի որ առաջին տեղին զիջել եմ միայն 6 տասնորդական միավոր և սա առաջին միջազգային մեդալն է, որը նվաճել եմ: Կարող էի զբաղեցնել նաև առաջին հորիզոնականը։ Որակավորման փուլում ևս լավ հանդես եկա, ընդամենը 3 միավոր չբավականացրեց միջազգային վարպետի նորմա լրացնելու համար, սակայն ամեն ինչ դեռ առջևում է»,-լրագրողների հետ զրույցում նշել է 18-ամյա մարզիկը։
Այսօր մրցահարթակ էր դուրս եկել նաև Հայկ Բաբայանը, որը ելույթն ավարտել է՝ գրավելով 7-րդ տեղը:
Հայաստանի հավաքականն ԱՊՀ խաղերում մինչ այս նվաճել էր մեկ ոսկե, մեկ բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում:
Կարծիքներ