Նախկինները վախենում էին զինել քաղաքացիներին. հեղափոխությունից հետո կա այդ հնարավորությունը. Հովհաննիսյան. ՀԺ

Նախկինները վախենում էին զինել քաղաքացիներին. հեղափոխությունից հետո կա այդ հնարավորությունը. Հովհաննիսյան. ՀԺ

«Համապարփակ անվտանգային հայեցակարգը, որի մասին վերջերս անդադար բոլորը խոսում են, նույն է, որ մինչ հեղափոխությունը ազգ-բանակ հայեցակարգն էին ուզում ներդնել, պարզապես այն ժամանակ անունը դրել էին ազգ-բանակ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը և հավելում՝ նման հայեցակարգ հնարավոր է միայն ժողովրդավարական պետություններում. «Հայաստանում դա հնարավոր է միայն 2018 թվականից հետո, մինչ այդ բոլոր նման ցանկությունները բաժակաճառերի ամբողջություն էին»:

Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո ժողովրդավարության հիմքերը Հայաստանում տալիս են այդ հնարավորությունը. «Ինչո՞ւ, որովհետև դրա հիմքը ազատ մտածող, դաստիարակված, կրթված, բայց նաև զինված քաղաքացին է: Նախկինները վախենում էին իրենց քաղաքացիներին զինել, որովհետև կարող էր առաջացնել հակառակ էֆեկտը. ավտորիտար համակարգերը չեն գնում դրան, որովհետև քաղաքացուց վախենում են, ժողովրդավարությունը նման խնդիր չունի»:

Հովհաննիսյանն ասում է՝ նման պրակտիկա ունեցող երկրներում՝ Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, զինված հասարակությունը կոնկրետ առաքելության համար է, և այդ հասարակությունը միևնույն ժամանակ հակադարձ օրինաչափությամբ ժողովրդավարության երաշխավորն է:

«Այդպիսի զարգացած, կրթված, բայց նաև զինված հասարակության հետ դու այլևս ավտորիտարիզմ չես կարող խաղալ: Այս շղթան փոխադարձ կապն է, որ ժողովրդավարական համակարգերը ծնում են համապարփակ անվտանգություն, և համապարփակ անվտանգության ողնաշարը հանդիսացող ազատ, մտածող, պատրաստ և զինված քաղաքացին ժողովրդավարության հավերժ երաշխավորն է: Եթե այս գաղափարն այսօր շրջանառենք, կարող է դառնալ քաղաքական կապիտալ»,- կարծում է նա:

Վերջինս նաև նկատում է, որ համապարփակ անվտանգային հայեցակարգի դեպքում բնակչության հասուն բոլոր շերտերը պիտի նվազագույն տիրապետեն զենքին, լինեն պատրաստված. «Անվտանգային ռիսկերն այդպիսին են. ողջ հասարակությանը պետք է որոշակիորեն ծանոթացնել այդ ամենին: Եվ Պապիկյանի վերջին հայտարարությունը՝ պահեստազորի հետ կապված, ևս դրան է միտված, կանանց բանակում ներգրավելը՝ նույնպես, և սրանք շատ դրական փոփոխություններ են»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում