ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների թիվն ավելացել է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2020-ին գրավոր և բանավոր ստացել է 14 հազար 780 բողոք: Aյս մասին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի ներկայացմանը:
«Մարդու իրավունքների պաշտպանը 2020-ի ընթացքում գրավոր և բանավոր ստացել է 14 հազար 780 բողոք: Դա 2019-ի համեմատությամբ բարձր է, իսկ 2019-ին նախորդող տարիների համեմատությամբ՝ մի քանի անգամ ավելի բարձր: Անցյալ տարի շեշտակի աճել են թեժ գծի զանգերը, ներկայում ՄԻՊ աշխատակազմը միաժամանակ ստանում է երեք զանգ»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, որ 2020-ին ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է:
2020-ի ընթացքում, չնայած կորոնավիրուսով պայմանավորված վիճակին և այցերի խիստ սահմանափակումներին, ՄԻՊ աշխատակազմն իրականացրել է շուրջ 200 այց՝ քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլն: Թաթոյանը վստահեցրեց, որ աշխատակազմը 1 ժամով անգամ չի դադարեցրել աշխատանքը:
Նա նշեց, որ հատկապես մարտից սկսած շոկային վիճակ էր մարդու իրավունքների համակարգի համար, ընդհանրապես երկրի հանրային առողջության համար՝ կորոնավիրուսով պայմանավորված: «Այդ ժամանակ մենք բախվեցինք մի շարք մարտահրավերների: Գլխավորներից էր այն, որ սահմանափակումները շատ հաճախ էին փոխվում, և իրազեկման լուրջ պակաս կար»,- ասաց Թաթոյանն ու վստահեցրեց, որ ՄԻՊ-ն այդ ժամանակ 24-ժամյա սկզբուքնով աշխատել է՝ օգնելու իրազեկումների հարցում:
Նա նշեց մի քանի հիմնական խնդիրներ՝ կորոնավիրուսով պայմանավորված, որոնք արձանգրել են: «Նախ գլխավոր խնդիրներերից էին աշխատողների իրավունքների հարցերը: Խոսքը աշխատավարձերի վճարման խնդիրների մասին է»,- ասաց Թաթոյանն ու նշեց, որ հաճախ մարդիկ զրկվել են աշխատավարձից:
Եղել են նաև դեպքեր, երբ մարդկանց հարկադրել են գնալ վճարվող կամ չվճարվող արձակուրդ:
Կարծիքներ