Արթուր Վանեցյանը շուրջօրյա նստացո՞ւյց է հայտարարում. նա Ազատության հրապարակում է
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարել է, որ գտնվում է Ազատության հրապարակում և չի պատրաստվում տուն գնալ:
«Ես եկել եմ Ազատության հրապարակ, չեմ պատրաստվում այլևս վերադառնալ տուն: Ուզում եմ լինել այստեղ, շփվել բոլորիդ հետ, խոսենք, հասկանանք՝ ինչ է կատարվում և ինչ պետք է անենք։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի ժողովուրդ, ես լինելու եմ այստեղ, խնդրում եմ եկեք Ազատության հրապարակ, եկեք միասին համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք և պայքարենք հանուն ՀՀ-ի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու»,- իր խոսքում ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով՝ եկել է այն կրիտիկական պահը, որ այլևս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, «Ֆեյսբուք»-ում ստատուս գրելով ոչ մի բանի չեն կարող հասնել:
Վանեցյանի խոսքից, սակայն, չի հասկացվում՝ արդյոք շուրջօրյա նստացո՞ւյց է հայտարարում ինքը, թե՞ ոչ: Պարզ չէ նաև՝ գործողությունը «Պատիվ ունեմ» խմբակցության ողջ կազմով են իրականացնո՞ւմ, թե՞ ինքը միայնակ:
Հ.Գ. Ավելի ուշ Արթուր Վանեցյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության հայտարարությունը, որի համաձայն՝ գործողությունն իրականացնում են «Հայրենիք» կուսակցության անդամներով:
Կարծիքներ