Ֆրանսիայի նախկին վարչապետն ազատազրկման է դատապարտվել

 Ֆրանսիայի նախկին վարչապետն ազատազրկման է դատապարտվել

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել․ նա 2 տարի անազատության մեջ կանցկացնի, 3 տարի պատիժը կկրի պայմանական։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 29-ին նման վճիռ է կայացրել Փարիզի դատարանը։ Բացի այդ, դատարանը 375 հազար եվրոյի չափով տուգանք է նշանակել։ Նախկին վարչապետի կինը՝ Պենելոպան, դատապարտվել է 3 տարի ժամկետով պայմանական ազատազրկման և նույն չափով տուգանքի։ Դատարանը Ֆրանսուա Ֆիյոնին մեղավոր է ճանաչել այն բանում, որ նրա կինն ու երեխաները պետական միջոցներից պարգևատրվել են աշխատանքի համար, որը չեն կատարել։ Այս գործով մեղավոր է ճանաչվել նաև Ֆիյոնի նախկին գործընկերներից մեկը․ նա շուրջ 300 հազար եվրոյի չափով տուգանք կվճարի։ Նախաքննության նյութերի համաձայն՝ Պենելոպա Ֆիյոնը, որը ձևականորեն աշխատանքի է անցել խորհրդարանի աշխատակազմում, մի քանի տարվա ընթացքում շուրջ 800 հազար եվրո է ստացել։ Նա պնդում է, որ իսկապես մի շարք պարտականություններ է կատարել, սակայն դա արել է հեռավար, քանի որ հինգ երեխա էր դաստիարակում։ Ամուսինները մտադիր են բողոքարկել վճիռը։ Նշենք, որ Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի կառավարությունը գլխավորել է 2007-2012 թվականներին։ 2017 թվականին, նախագահական ընտրություններում պարտությունից հետո, նա հեռացել է քաղաքականությունից։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է քվեարկությունից երեք ամիս առաջ։ Արդյունքում նա քվեների թվով երրորդ տեղն է զբաղեցրել, իսկ նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում