Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն է բացվել

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն է բացվել

Առողջապահության նախարարության Պրոֆ. Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն: Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

Կենտրոնն արժեքավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանային նշանակություն ունի: Այն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման մոտեցումներով: Կենտրոնի վերանորոգումն իրականացվել է «Գերմանահայ գործարարների միության» ջանքերով, կահավորումը կատարվել է «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» դրամաշնորհային հիմնադրամի միջոցներով։

 

Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման առնչությամբ` Անահիտ Ավանեսյանը կարևորել է հավակնոտ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար պետական և գործարար ուժերի համատեղ աշխատանքը:

«Չի կարող հաջողություն լինել, եթե միայն բարերարներն աշխատեն կամ հակառակը: Եթե չունենանք ծառայությունն իրենց ուսերին տանող նվիրյալ բժիշկներ` ֆիզիկական պայմանները ոչինչ են, ուստի այս կենտրոնի բացումը որակյալ բժշկական օգնություն մատուցելու ուղղությամբ ջանքերի մեկտեղման ևս մեկ հաջող օրինակ էր»,- նշել է առողջապահության նախարարը:

 

Այցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոնի ղեկավար Հեղինե Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել կաբինետների հագեցվածությանն ու կարողություններին, զրուցել մասնագետների հետ և հետաքրքրվել հիվանդների բուժման կազմակերպմամբ:

Նշենք, որ Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոնում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ` տարածաշրջանում արյան մակարդման խանգարումներով հիվանդների մասնագիտական խորհրդատվություն, արյան մակարդման խանգարումներով հղիների վերահսկում, հեմոֆիլիաների ախտորոշում, բուժօգնության կազմակերպում, թրոմբոֆիլիաների և թրոմբոզների կանխարգելման կոորդինացման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում