Զենքի գործադրմամբ խուլիգանություն Երևանի Բաբաջանյան փողոցում. կան ձերբակալվածներ. լուսանկարներ

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Երևանի Բաբաջանյան փողոցում. կան ձերբակալվածներ. լուսանկարներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022 թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:55-ին և ապրիլի 2-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» և «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի 25 և 24-ամյա բնակիչներ:

 

 

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակային հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի նմանվող հետքեր և 9մմ տրամաչափի ատրճանակի կրակված պարկուճ:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով, 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

 

Երիտասարդները ճանաչվել են տուժող: Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։

 

Ստացված տվյալներով՝ 2022 թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց և հիվանդանոց տեղափոխված երիտասարդների միջև, որի ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրվել հիշյալ երիտասարդների նկատմամբ. մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, 9 մմ տրամաչափի չպարզված տեսակի հրազենից կրակոց է արձակվել երիտասարդներից մեկի ուղղությամբ, իսկ տուժած մյուս երիտասարդի ձախ ազդրին հարված է հասցվել սուր կտրող-ծակող գործիքով:

 

 

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, և դեպքից ժամեր անց նրանք բերման են ենթարկվել, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, երիտասարդների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու պահելու, կրելու կասկածանքով:

 

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ այլ գործողություններ՝ առգրավել են դեպքի պահին տուժողների և կասկածյալների հագին եղած հագուստները, որոնց վրա զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում