Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` զրպարտչական տեղեկատվությունը հերքելու և 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջներով։ Այս մասին տեղեկացանք «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգից։

Երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել` գրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով:

Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության և ապատեղեկատվություն տարածելու մեջ` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցը սեպտեմբերի 24-ին արդեն իսկ ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Սասուն Խաչատրյանը պատրաստվում է հայցը բավարարվելու դեպքում լրատվամիջոցից որպես փոխհատուցման գումար պահանջած 2 մլն ՀՀ դրամը բարեգործական նպատակով ամբողջությամբ ուղղել պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների վերականգնողական կենտրոնին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում