Իսպանիայի իշխանությունները պաշտոնական մեղադրանք են առաջադրել Սիրիայի նախագահի հորեղբորը
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Իսպանիայի Ազգային դատական պալատի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել 83-ամյա Ռիֆաթ Ասադին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարազատ հորեղբորը։ Նա կասկածվում է Իսպանիայում 695 մլն եվրո լվանալու մեջ, որը ստացել է Սիրիայի տարածքում «կոռուպցիոն գործողությունների» հետեւանքով։ Դատախազությունը պահանջել է Ռիֆաթին 8 տարվա բանտարկության դատապարտել, իսկ նրա կնոջն ու 7 երեխաներին, որպես իրավախախտումների հանցակիցներ, 6-ական տարվա։
Ըստ մեղադրական եզրակացության, որի մի օրինակը DW-ի տրամադրության տակ է, Ռիֆաթ Ասադը եւ նրա ընտանիքի անդամները Իսպանիայում տնօրինում են 507 միավոր անշարժ գույք։ Մասնավորապես՝ նրանց է պատկանում Մարբել հարավիսպանական հանգստավայրի Բանուս սպորտային նավահանգստում «Անդալ» քոթեջային համալիրը, որն Իսպանիայում համարվում է ամենահեղինակավորը։ Ընտանիքի սեփականությունն է նաեւ նույն Մարբելում վճարովի ավտոկայանատեղիներում 244 կայանավայր։
Դատախազությունից նշում են, որ նախագահական հորեղբոր կարողությունը կազմում է 3,4 մլրդ եվրոյից ոչ պակաս։ Բացի Իսպանիայում սեփականությունից, նա 29 ընկերություն ունի, որոնք գրանցված են Ջիբրալթարի, Բարբադոսի եւ Բահամյան կղզիների օֆշորային գոտիներում, անշարժ գույք Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւ 180 ուղեւորի համար օդանավ, զբոսանավեր, թանկարժեք ավտոմեքենաներ, ոսկերչական իրերի հավաքածու եւ այլն։
Կարծիքներ