Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը

Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախագահությամբ՝ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը բարձր է գնահատել աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի համագործակցությունն՝ ընդգծելով նմանօրինակ քննարկումների կարևորությունը։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի համար նշանակալի առաջընթաց է այն, որ 2021 թ․ հուլիսի 1-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին է վերապահվել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն իրականացնելու լիազորությունը։

«Նախարարությունը կարևորում է տարածաշրջանային դաշինքի շրջանակում ոլորտային համագործակցությունը, որը լինելով կարևոր հարթակ, փորձի փոխանակման միջոցով համագործակցության ընդլայնման հնարավորություն է ընձեռում կողմերին։ Մենք էական ենք համարում նաև հասարակական կազմակերպությունների ու սոցիալական գործընկերների ներգրավվածությունը՝ աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումների մշակման գործընթացում»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ևս շեշտել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների միջև փորձի փոխանակման հնարավորությունը՝ կարևորելով գլոբալ մարտահրավերների համատեղ դիմակայումն ու անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը:

«Համավարակով պայմանավորված՝ մեր երկրներում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել աշխատանքային հարաբերությունները կարգավորող և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանող օրենսդրական ակտերում: Այժմ մենք պարտավոր ենք արագ արձագանքել առկա խնդիրներին՝ հիմքում ունենալով աշխատողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը»,- ընդգծել է Հակոբ Ավագյանը:

Համաժողովի ընթացքում կարևորվել է աշխատանքի տեսչությունների միջև կայուն համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը, տեսչական համակարգերի հզորացումն ու զարգացումը։ Քննարկվել է նաև դաշինքի 2022թ. նախագահության հարցը, նախանշվել են հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքը ստեղծվել է 2011 թվականին, որին անդամակցում է 10 երկիր՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Մոնղոլիա, Մոլդովա, Ուկրաինա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում