Քննչական կոմիտեի 32 ծառայող զրկվելու է մեկ ամսվա պարգևավճարից դիմակ չկրելու համար
ՀՀ քննչական կոմիտեում հունիսի 25-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի և կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ արտակարգ դրության ժամանակահատվածում, հունիսի 1-4-ը Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում եղել են աշխատակիցներ, որոնք խախտել են պարետատան կողմից հաստատված կարգը, ինչն արձանագրվել է տեսանկարահանող սարքերով:
«Հայկ Գրիգորյանը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան՝ Ներքին անվտանգության վարչության և Դեպարտամենտի անցագրային բաժնի պետերին շարունակել մոնիտորինգի իրականացումը, զննել տեսախցիկների արձանագրած խախտումները և արդյունքների մասին զեկուցել անձամբ իրեն:
«Պահանջում եմ՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից, վարչությունների, բաժինների պետերից սկսած՝ պահպանել պաշտպանիչ դիմակի կրման կարգը»,- ասել է Հայկ Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սահմանված կարգին չհետևող աշխատակիցների կարգազանցության պատճառով կպատժվեն նաև վերջիններիս ղեկավարները:
Խախտումների կապակցությամբ որոշում է կայացվել Քննչական կոմիտեի 32 ծառայողի նկատմամբ որպես թույլ տրված խախտման հետևանք՝ զրկել մեկ ամսվա պարգևավճարից, իսկ 25 քաղծառյողների նկատմամբ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն և տրվել տույժ՝ խիստ նկատողություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ