Աննա Հակոբյանն այցելել է «Ոսկենի գինիներ» գինեգործարան, Գետաշենի ագրոէկո դպրոց

Աննա Հակոբյանն այցելել է «Ոսկենի գինիներ» գինեգործարան, Գետաշենի ագրոէկո դպրոց

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում հյուրնկալվել է Դալարիկ համայնքում բնակվող Սամվել Ենգոյանի բազմազավակ ընտանիքին։ Ենգոյանները 10 երեխա ունեն` 9 տղա և մեկ աղջիկ: Ենգոյան եղբայրներից երկուսը մասնակցել են 44-օրյա պատերազմին, երրորդ եղբայրը հիմա է ծառայում:

Այս մասին տեղեկացնում  է Աննա Հակոբյանի կայքը։

Վարչապետի տիկինը հետաքրքրվել է ապրուստի, կեցության պայմաններից: Ենգոյանների խոսքով՝ տղաները օգնում են իրենց, հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում:

Մարզպետարանը ևս օգնում է ընտանիքին, նախատեսվում է գարնանը տունը մեծացնել երկու սենյակով՝ Աննա Հակոբյանին տեղեկացրել է մարզպետը և հավելել, որ համայնքում ավելի խոշոր շինաշխատանքների պլաններ ևս ունեն. առաջիկա մեր-երկու տարում այստեղ նախատեսված է մոդուլային մանկապարտեզ կառուցել։

Աննա Հակոբյանի հաջորդը կանգառը Արաքս բնակավայրում էր։ Այստեղ տիկին Հակոբյանը այցելել է «Ոսկենի գինիներ» գինու գործարան։ Տնօրեն Արարատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել գործարանում, ծանոթացել գործունեությանը։

Գործարանի տնօրենը ներկայացրել է այգու և գինեգործարանի պատմությունը, որը ավելի քան 100 տավա պատմություն ունի, սակայն խորհրդային տարիներին գործունեությունը դադարել էր:

Պահպանելով հինը, զուգահեռաբար նոր տեխնոլոգիաներ ներդնելով՝ փորձում են ապացուցել բոլորին, որ հայկական էնդեմիկ խաղողի տեսակներից հնարավոր է Հայաստանում և ամբողջ աշխարհում մրցակցող արտադրանք ստանալ:

Արտադրվող 8 տեսակի գինիների 80 տոկոսը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Նիդերլանդներ և այլն:

Այստեղի գինին բնիկ հայկական է՝ պատմում են մասնագետները, հայկական են սորտերը, պատրաստման տեխնոլոգիաները և անգամ տակառները: Գործարանի տնօրենը Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ իրենց քայլերը ուղղված են հայկական գինին համաշխարհային բրենդ դարձնելուն: Նպատակ ունեն արտադրական ծավալները մեծացնել, վերազինել գործարանը նորագույն սարքավորումներով:

Արմավիրի մարզ կատարած այցն Աննա Հակոբյանն ավարտել է Գետաշեն բնակավայրում։ Ագրոէկո դպրոցի մոտ վարչապետի տիկնոջը դիմավորել է տնօրեն Գևորգ Մուքոյանը և դպրոցի աշակերտները: Հենց նրանք էլ տիկին Աննա Հակոբյանին ուղեկցել են դպրոց, ներկայացրել իրենց ջերմոցը, ավտոպարկը և դպրոցի այգին, որից ստացված բերքը օգտագործվում է հենց դպրոցի ճաշարանում։

Այս կրթարանը մյուսներից տարբերվում է իր ուղղվածությամբ։ Ագրոէկո դպրոց հաճախող երեխաները, հաստատված առարկաներից զատ, սովորում են հողագործություն, ծառերի էտում, անգամ գյուղտեխնիկայից օգտվելու հմտություններ։ Այստեղ երեխաները ստանում են բավարար գիտելիքներ դպրոցն ավարտելուց հետո գյուղատնտեսությամբ զբաղվելու և գրագետ ֆերմեր դառնալու համար։

Այսպես փորձել են գյուղական դպրոցի մոդել ստեղծել, որ գյուղը ամուր ու կանգուն մնա, երեխաներն էլ այն չլքեն:

Դպրոցի բացօթյա դասարանում վազվզում են ճագարներ ու ոզնիներ, իսկ անկյունում տեղադրված աստղադիտակով երեկոյան երկինքն են ուսումնասիրում: Ունեն սնկաբուծարան, նաև առանց հավելումների չրեր են պատրաստում։

288 աշակերտ ունեցող դպրոցը ունի վերանորոգված մարզադահլիճ, արհեստանոց, լաբորատորիաներ, որոնցից մեկում, օրինակ, մեկտեղել են Հայաստանում աճող բոլոր մշակաբույսերի սերմերը, նաև բոլոր հանքարդյունահանվող նյութերը:

Վարչապետի տիկինը շրջայցի ընթացքում եղել է նաև մի քանի դասասենյակներում, շփվել երեխաների հետ ու պատասխանել նրանց հարցերին:

Գետաշենի դպրոցը գումար չի ծախսել ոչ նորոգումների, ոչ էլ տեխնիկական ձեռքբերումների վրա, ամբողջն իրականացվել է բարեգործական հիմնադրամների, տարբեր ընկերությունների ու պետության աջակցությամբ:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեխաներն հորդորել է լավ սովորել. հզոր երկիր ունենալու հիմքը դա է:

Մարզերում ագրարային կրթություն տվող նման դպրոցներ ունենալը այսօր անհրաժեշտություն է, օրինակը պետք է վարակիչ լինի` ընդգծել է Աննա Հակոբյանը և տպավորությունների մեծ պաշարով ավարտել այցը: