Աղիքային Բակտերիաները Կարող են Երիտասարդացնել Գլխուղեղը
Հայտնի փաստ է, որ աղիքային բակտերիաները ազդում են ոչ միայն մարսողության ու նյութափոխանակության, այլև ամբողջ մարմնի՝ ներառյալ ուղեղի վրա։ Որոշ հետազոտոներ կարծում են, որ մարդու միկրոբիոմը մեծապես ազդում է քնի վրա, ըստ մյուսների՝ ճիշտ ընտրված մանրէները մեղմացնում են աուտիզմի ախտանիշները։ Հատկապես վերջին տասնամյակի ընթացքում մարդու առողջության վրա միկրոբիոմի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել։
Վերջերս Կորկի համալսարանական քոլեջի (University College Cork, Իռլանդիա) գիտնականները Nature Aging ամսագրում հրապարակել են ևս մեկ ուսումնասիրություն, որի արդյունքներն, ըստ էության, աննախադեպ են․ նրանք բակտերիաների օգնությամբ կարողացել են երիտասարդացնել ուղեղը։
Փորձարկումներն իրականացվել են լաբորատոր մկների վրա. շաբաթական երկու անգամ երիտասարդ մկների կղանքը հատուկ լուծույթի տեսքով սննդային խողովակի միջոցով տեղափոխվում էր ծեր մկների աղիքներ, և այսպես ութ շաբաթ: Երիտասարդ մկների միկրոֆլորան ծեր մկների օրգանիզմ հասնում էր ճիշտ այնպիսին, ինչպիսին էր տեղափոխելուց առաջ։ Ընդ որում՝ բակտերիաների տարբեր տեսակներ ծերերի մոտ նույն հարաբերակցությամբ էին բաշխվում, ինչ երիտասարդների օրգանիզմում էր։ Արդյունքում մկների վարքագիծը փոխվեց. օրինակ, երբ դրանց տեղափոխեցին հատուկ լաբիրինթոս, վերջիններս ավելի արագ գտան ելքը և ավելի լավ մտապահեցին, թե ապագայում ինչպես պետք է անցնել այդ լաբիրինթոսը։ Այսինքն, ծեր մկների մոտ բարելավվել էր հիշողությունը և սովորելու ունակությունը: Երբ գիտնականներն ուսումնասիրեցին այդ մկների հիպոկամպը՝ հիշողության կենտրոններից մեկը, պարզվեց, որ այն բառացիորեն երիտասարդացվել է՝ բջջային և մոլեկուլային մակարդակներում այն նույն տեսքն ուներ, ինչ և երիտասարդ մկների մոտ:
Բայց այնպես չէր, որ տեղափոխված միկրոֆլորան ծեր մկների օրգանիզմում «դատարկ տեղ էր զբացրել»։ Այս կենդանիների ստամոքսաղիքային համակարգում բազմաթիվ բակտերիաներ կային և դրանցից շատերը մնացին իրենց տեղում։ Հավանաբար սա է պատճառը, որ մկների վարքագծի այլ հատկություններ ևս մնացին նույնը. օրինակ, այս մկները, ինչպես միկրոֆլորայի տեղափոխումից առաջ, այնպես էլ հետո, ավելի քիչ շփվող էին, քան երիտասարդները:
Ստամոքսաղիքային համակարգում առկա բակտերիաները արտազատում են մի շարք տարբեր նյութեր, և դրանք նույնպես ազդում են նյարդային համակարգի վրա: Սակայն բակտերիաներն էլ իրենց հերթին մարմնից ստանում են տարբեր ազդակներ: Եվ երբ մարմինը ծերանում է, դրա հետ մեկտեղ փոխվում է նաև միկրոֆլորան: Հավանաբար, «երիտասարդ» բակտերիաների օգնությամբ հնարավոր է երիտասարդացնել ոչ միայն ուղեղը, այլ նաև այլ օրգաններ։
Այնուամենայնիվ, հնարավոր է, որ ապագայում գիտնականները կկարողանան բացահայտել, թե կոնկրետ որ բակտերիաներն ունեն երիտասարդացնող ազդեցություն կամ նույնիսկ հնարավոր կլինի պարզել, թե դրանց արտազատած նյութերից յուրաքանրյուրն ինչ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Այդ ժամանակ միգուցե հատուկ բակտերիալ հաբերի կամ պարզապես սննդակարգի փոփոխման օգնությամբ, հնարավոր կլինի լուծել տարաբնույթ առողջական խնդիրներ։
Կարծիքներ