Իմ կարողություններն իմ ապագան են․ ամփոփվել են վեցօրյա ճամբարի աշխատանքները
Ամփոփվել են 2020թ․ ռազմական գործողությունների մասնակիցների համար նախատեսված կարիերայի ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման ճամբարի աշխատանքները․ դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրել են իրենց բիզնես ծրագրերը, գաղափարներն ու մտահղացումները։ Վերջիններս հանդիպել են նաև գործատուների, բիզնեսի աջակցման տարբեր ծրագրերի ներկայացուցիչների հետ, որոնք մանրամասնել են իրենց ընկերություններում աշխատանքի տեղավորման հնարավորությունները։
Նախարար Նարեկ Մկրտչյանը, ողջունելով երիտասարդների նախաձեռնողականությունն ու ստեղծագործ մտածելակերպը, նշել է, որ ճամբարի գաղափարի հիմքում ինստիտուցիոնալ բարեփոխումն է, որը ռազմական գործողություններին մասնակցած երիտասարդներին հնարավորություն է տալու արագ ինտեգրվել աշխատաշուկայում, ստեղծել սեփական բիզնեսն ու ապահովել կայուն զբաղվածություն։
Վերջինիս խոսքով՝ «Իմ կարողություններն իմ ապագան են» կարիերայի ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման ճամբարներ լինելու են նաև հանրապետության այլ մարզերում․ բացի այդ, նախարարության և մի շարք միջազգային ընկերությունների միջև ստորագրված հուշագրերի շրջանակում ևս զինծառայողները շարունակելու են սովորել նոր մասնագիտություններ, ծանոթանալ աշխատաշուկայի այսօրվա պահանջներին, իրագործել բիզնես գաղափարներ՝ այդպիսով ապահովելով իրենց ինքնազբաղվածությունը։
Վեցօրյա ճամբարին մասնակցել է Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող, 2020թ․ ռազմական գործողությունների մասնակից շուրջ 50 երիտասարդ։ Ճամբարն իրականացվել է նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» համատեղ ծրագրի 3-րդ փուլի շրջանակում, որը ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» կողմից։
Կարծիքներ