Նրանք կվերադառնան ամեն օրվա ծագող արևի հետ, ճնճղուկների վաղորդյան երգով ու ծառերի բողբոջներով..
Մենք պետք է արժանի ու անսահմանորեն պարտական լինենք, քանի դեռ ապրում ենք, մեր նվիրական ու սիրասուն զավակներին, նրանց գերմարդկային սխրանքներին, նրանց անձնազոհությանը։ Պիտի փոխվենք ու մաքրվենք, ամեն օր ու վայրկյան հիշելով ու խոնարհվելով նրանց անմնացորդ նվիրումին։ Եւ աղոթենք նրանց չքնաղ հոգիների համար, որ հերոսացան, մեկ ակնթարթ անգամ չվարանելով ու չերկմտելով նվիրաբերեցին իրենց միակ անգին կյանքը Հայրենիքին։
Ինչքան էլ խոսենք, աշխարհի ամենամխիթարական խոսքերը սփոփանքի, երբեք, երբե՜ք չեն ամոքի կորստի ցավը...
Բայց նրանք կվերադառնան ամեն օրվա ծագող արեւի հետ, ճնճղուկների վաղորդյան երգով ու ծառերի բողբոջներով, ծաղկած ծիրանենու անիրական հրաշքով ու գետակների քչքչոցով, քամու հետ ու կայծակի, և անձրևից հետո յասամանների աննման բույրով, գարնանը ձնծաղիկների աներեւակայելի քնքշությամբ ու կակաչների կարմիր «դառնությամբ» լուռ։ Կվերադառնան Սեւանի ալիքների հանդարտ իմաստությամբ, եւ Արծիվներին վայել ճախրանքով, որը նրանք էլ երբեք չեն տեսնի, բայց կլինեն այնտեղ, ամենուր, մեզ հետ, Աստծո ամեն նվիրական օր ու դեռ հարյուրամյակներ կջերմացնեն մեր սրտերը իրենց հերոսական արյուն-արևով ու մենք կապրենք ու կսիրենք, կտխրենք ու կուրախանանք եւ կհեկեկանք նրանց հետ ու նրանց անմահ ու անեզրական հիշատակն ու անսահման փառքը սրտներումս հավերժորեն պահած։
Ամբողջանալով մեր վերադարձած նվիրյալ քաջ հերոսների հետ, ում հետ կողք կողքի ապրելը մեծ պատիվ պիտի լինի բոլորիս համար։
Գագիկ Սիրավյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ