Քսանից ավելի ներկայացում Երևանում և մարզերում. մեկնարկում է «Արմմոնո» 19-րդ միջազգային փառատոնը

Քսանից ավելի ներկայացում Երևանում և մարզերում. մեկնարկում է «Արմմոնո» 19-րդ միջազգային փառատոնը

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։ 

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ հնադիսատեսը հնարավորություն է ունենալու դիտել 20-ից ավելի ներկայացում:

«Թատերական փառատոնի թիրախում մեր մարզային թատրոններն են: Այդ իսկ պատճառով փառատոնի մեկնարկը տրվելու է Գավառի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորի բեմադրությամբ: Ծրագիրը բավական հագեցած է, երկու տասնյակից ավելի ներկայացումներ են լինելու»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը՝ ընդգծելով, որ «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ:

Փառատոնի բացումը տեղի է ունենալու Թատերական գործիչների միությունում մայիսի 30-ին «Կարմիր ծաղիկ» ներկայացմամբ, որի բեմադրության հեղինակը Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանն է:

«Դերակատարը Լաուրա Ստեփանյանն է: Շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, սակայն կնշեմ, որ շոշափվել են թեմաներ, խնդիրներ, որոնք մեր կյանքում անհանգստացնող են: Ցանկանում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Շատ եմ կարևորում նման փառատոններին մասնակցելը: Արդեն 4-րդ անգամ եմ մասնակցում: Այն ինձ տալիս է փորձ, համագործակցության հնարավորություն, ընկերներ՝ աշխարհի տարբեր երկրներում»,- ասաց Արմեն Սաֆարյանը:

Դերասանուհի Լաուրա Ստեփանյանն առաջին անգամ է մասնակցում «Արմմոնո» միջազգային փառատոնին, թեպետ, նախորդ տարիներին հետևել ու դիտել է բոլոր ներկայացումները: Այսօր, իր ուժերն առաջին անգամ փորձելով մոնոներկայացումում, ինչպես ինքն է ասում, արդեն դարձել է «Արմմոնո» միջազգային փառատոնի ընտանիքի մասը:

«Շատ ուրախ եմ, որ այս հնարավորությունը տրվեց: Ես առհասարակ չեմ խաղացել մոնոներկայացում, և սա ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ է: Փառատոնին մասնակցությունն էլ առաջինն է ու շատ սպասում եմ ներկայացման օրվան: Ներկայացումը մեր կյանքի մասին է, կյանքում տեղ գտած արատավոր երևույթների, որոնք շատ դեպքերում մարդկանց տանում են կործանման: Գլխավոր ուղերձն այն է, որ մարդիկ կանգ առնեն և հեռու մնան կործանարար քայլերից»,- ասաց Լաուրա Ստեփանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում