Չեզարե Պրանդելին հեռանում է «Ֆիորենտինայից»
Չեզարե Պրանդելին հեռացել է իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է թիմի պաշտոնական կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ 63-ամյա մասնագետն աշխատանքից հեռանալու մասին նամակ է ներկայացրել ակումբի ղեկավարությանը:
«Ակումբը խոր ափսոսանքով ընդունել է գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի խնդրանքը՝ հասկանալով բոլոր դրդապատճառները: Չեզարե Պրանդելին մարզիչ է և մարդ, որը վերջին ամիսներին տվել է իր ողջ ներուժը՝ ևս մեկ անգամ ցույց տալով մեծ սերը Ֆլորենցիայի և «Ֆիորենտինայի» հանդեպ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ֆիորենտինան» 29 միավորով Ա սերիայի մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է:
Պրանդելին «Ֆիորենտինան» գլխավորում էր անցած տարվա նոյեմբերից: Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ջուզեպպե Յաչինին, որը թիմի հետ աշխատել է 2019-2020 թվականներին, կվերադառնա գլխավոր մարզչի պաշտոնին:
Կարծիքներ