«Իմ քայլը» ապացուցեց, որ սկզբունքներն ու արժեքները կենացներ չեն. դա այն է, ինչ գոյություն ունի. Փաշինյան
Իմ կողմից ԼՂ հարցի վերաբերյալ բովանդակային արձանագրումներից հետո մեր ընդդիմախոսները որևէ բովանդակային հակադարձում չեն ունեցել: Եվ սա չափազանց կարևոր է: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե «ո՞նց էր, որ ընդդիմություն էիք, բարեփոխումները կարևոր էին, երբ իշխանություն եք, դրանք կարևոր չեն», Փաշինյանը հիշեցրեց, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում կարևոր կետերից մեկը եղել է 20 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը, ևս մեկը՝ համամասնական ընտրակարգի անցումը: Այս երկու օրինակը, ըստ նրա, բավարար է ցույց տալու իշխանության սկզբունքայնությունը:
«Միշտ չէ, որ մենք գնացել ենք մեր քաղաքական շահի հետևից, բայց միշտ գնացել ենք քաղաքական արժեքների հետևից: Ասել ենք՝ վենդետաներ չեն լինելու, և չեն եղել: Խոստացել ենք, որ կադրային ջարդ չի լինելու, և բոլորը հնարավորություն են ունենալու մասնակցելու երկրի զարգացման գործին: Այսօր մեզ երեսով են տալիս Օսիպյանին և ոչ միայն նրան...»- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանի խոսքով՝ 88 հոգանոց «Իմ քալը» խմբակցությունը, անցնելով ամենադաժան փորձությունների միջով, միասնական է և կատարել է իր ամենամեծ առաքելությունը՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին:
«Այս մարդկանց իրար հետ կապել են արժեքները և սկզբունքները: Կային մարդիկ, որ նախորդ սեպտեմբերին հոկտեմբերին, նոյեմբերին համոզված էին, որ կարող էին «Իմ քայլը» խմբակցությունից 20-23 հոգու՝ 5, 10 կամ 50 մլն դոլարով գնեն: Մենք տեսանք՝ ինչ կատարվեց «Իմ քայլի» հետ, և կտեսնեն նրանք, որոնք մտահոգված իրենց ծննդավայրով, հեռանում էին, կտեսնենք՝ ուր կհասնեն, կարծում եմ՝ արդեն հասել են:
Նա շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը, որը, ըստ նրա, ապացուցեց, որ սկզբունքների և արժեքների մասին խոսակցությունը կենաց չէ, այլ գոյություն ունի 21-րդ դարի Հայաստանում: «Հենց դա մեզ չի ներվում՝ ո՞նց կարելի է չծախվել, և հենց այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, ժողովրդի, արժեքների, բարոյականության հաղթանակն է, ՀՀ և ապագայի ամենամեծ հաղթանակն է: Որևէ մեկը չկասկածի, որ ապագա կա»,- եզրափակեց Փաշինյանը:
Կարծիքներ